20/10/2015 20:16
Արդեն մտածում եմ վերադառնալ իմ աշխատանքին. Ալեսիա Հակոբյանը՝ ընտանիքի և առաջիկա զբաղվածության մասին
Մեր զրուցակիցը դերասանուհի Ալեսիա (Օլյա) Հակոբյանն է, ում հեռուստադիտողը ժամանակին հաճախ էր տեսնում էկրաններին: Մասնագիտական ակտիվ գործունեության ընթացքում էլ ծնվեց նրա և դերասան Աբել Աբելյանի մեծ սերը: Ընտանիք կազմած երիտասարդ զույգն այսօր երկու որդի ունի: Aysor.am-ի հետ դերասանուհին անկեղծացել է առաջիկա ծրագրերի և ընտանեկան անցուդարձի շուրջ:
-Ալեսիա, ժամանակին Ձեզ հանդիպում էինք էկրաններին՝ սերիալներում: Այժմ, կարծեք թե, պարտադրված պարապուրդի մեջ եք, այո՞:
-Չէի ասի պարտադրված, կարելի է ասել գիտակցված (ժպտում է): Այո, տևական ժամանակ է չեմ երևում հեռուստատեսությամբ, քանի որ զբաղված եմ երեխաներովս: Հիմա արդեն փոքր-ինչ կազմակերպված է ժամանակս ու կարելի է մտածել այդ ուղղությամբ:
-Պատճառը միա՞յն փոքրիկների ծնունդն է, թե նաև Ձեր ամուսնու՝ Աբել Աբելյանի խստությունը:
-Հավատացեք, ամուսինս երբևէ խոչընդոտ չի հանդիսացել իմ աշխատանքին: Ուղղակի երեխաներս դեռ փոքր են, առավելագույն ուշադրություն և ժամանակ են պահանջում:
-Ե՞րբ եք նպատակադրվել վերադառնալ էկրաններ:
-Ասեմ, որ իսկապես շատ եմ կարոտել հեռուստատեսությունը… Արդեն իսկ մտածում եմ այդ մասին, հուսամ՝ մտորումներս շուտ կիրականացնեմ:
-Այս ընթացքում առաջարկներ եղե՞լ են:
-Այո, եղել են, բայց անգամ ժամանակ չի եղել քննարկել առաջարկները: Արդեն երեք տարի է՝ ընդհանրապես չեմ կարողացել անդրադառնալ որևէ առաջարկի:
-Մասնագիտությամբ հենց դերասանուհի՞ եք:
-Իհարկե: Ավարտել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, սովորել եմ լուսահոգի Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Կարող եմ վստահ ասել՝ հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել շփվել այդչափ մեծ մարդու հետ, ում լսելն անգամ մեծ հաճույք էր:
-Ի դեպ, այս ընթացքում, հավանաբար, հետևում եք էկրանային անցուդարձին: Ձեզ դո՞ւր են գալիս մեր սերիալները, առաջընթաց նկատո՞ւմ եք:
-Անկեղծ ասած՝ չեմ հասցնում հետևել, թե ինչ է կատարվում: Երբեմն, երբ ժամանակ եմ գտնում և փորձում եմ դիտել հայկական որևէ հեռուստաալիք, ապա դա երկար չի տևում, քանի որ երկու մարդ կա իմ կյանքում՝ տղաներս, ովքեր մուլտֆիլմեր են նախընտրում: Այլևս անզոր եմ դառնում դիմադրել իրենց ցանկություններին (ժպտում է)… Ամեն դեպքում ասեմ՝ շատ ուրախ եմ, որ հեռուստատեսությունը դեռ կարողանում է լցնել մարդկանց առօրյան, և դերասաններն էլ հնարավորություն ունեն աշխատել իրենց մասնագիտությամբ:
-Օլյա, ճի՞շտ են խոսակցությունները, որ մայրիկի կողմից հայուհի չեք. կպատմե՞ք Ձեր արմատների մասին:
-Մայրիկիս կողմից արմատներս հայկական են. մայրիկիս նախնիները եղել են Վան քաղաքից: Իսկ հայրիկիս մայրը Կուբանի կազակուհիներից է եղել: Բացի այդ, հեռու արմատներումս կա նաև գերմանական արյուն… Մի խոսքով՝ մասամբ հայուհի չեմ (ժպտում է):
-Ձեր երեխաների մեջ տարիքային տարբերևությունը շատ քիչ է: Երիտասարդ մայրիկի համար դժվար չէ՞ խնամել միանգամից երկու փոքրիկների՝ այն էլ տղաների:
-Երբ ծնվեց առաջին տղաս՝ Էրիկը, շատ բարդ էր: Դեռ չէի հասցրել ընկալել կարգավիճակս, ծնվեց երկրորդ որդիս… Այ այստեղ սկսվեցին դժվարությունները: Հիմա արդեն բավականին հեշտացել է ամեն ինչ: Թեև, Ռոբերտը դեռ նոր է սկսել քայլել, պետք է ամեն վայրկյան ուշադիր լինել, որպեսզի «տհաճ անակնկալներ» չլինեն (ժպտում է): Գիտեք, քանի որ մի քիչ մեծ են արդեն, աշխատում եմ նրանց վերաբերել որպես անհատի, հասկանալ իրենց տեսակն ու ուղղություններ տալ: Թեպետ, որոշ մարդիկ կարծում են, որ վաղ է, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ` երեխաները դեռ փոքր տարիքից ընկալում են ամեն ինչ, պարզապես չեն արտահայտվում, կամ արտահայտվում են իրենց լեզվով:
-Երեխաներին խնամելու հարցում օգնականներ ունե՞ք:
-Մայրս է օգնում, երբ աշխատանքի չի լինում: Նաև դայակ ունենք, ով լավ դայակ լինելուց բացի նաև հրաշալի անձնավորություն է: Ես նրան լիովին վստահում եմ, ինչու ոչ՝ նաև սովորում իրենից: Նաև վստահ կարող եմ ասել, որ բախտս բերել է ընկերուհիներիս հարցում: Սկզբնական՝ ամենաբարդ շրջանում ինձ շատ են օգնել:
-Ընդհանրապես, ընտանեկան կյանքում առաջին դժվարությունը, որի հետ բախվել եք, ո՞րն է եղել:
-Չեմ կարող կոնկրետ դեպք նշել, քանի որ չեմ հիշում: Բայց դժվարությունները մեծամասնությամբ կապված են եղել երեխաների ծնվելու հետ, քանի որ յուրաքանչյուրս զբաղված էր և միմյանց հետ շփվելու ժամանակ պարզապես չէինք գտնում:
-Աբելն էկրաններից խիստ և ավանդապահ տղամարդու տպավորություն է թողնում: Ինչպիսի՞ն է ընտանիքում:
-Չէի ասի, որ Աբելը խիստ է կամ ավանդապահ: Ուղղակի այս կյանքում նա ունի իր մտածելակերպն ու կանոնները: Առհասարակ, նա շատ բարի մարդ է (ժպտում է):
-Խանդո՞տ ամուսին է:
-Կարծում եմ ոչ, խանդոտ չէ: Իսկ եթե անգամ խանդում է, ես այդ մասին տեղյակ չեմ:
-Նրա կողքով էլ աղջիկներն անտարբեր չեն անցնում: Դո՞ւք ինչպես եք վերաբերում այդ հանգամանքին:
-Շատ հանգիստ: Կարծում եմ՝ հենց դրանով է առանձնանում իմաստուն կինը:
-Ասում են, ընտանիքում ամուսինները պետք է լինեն «զանգակ և բամբակ», որպեսզի հարաբերությունները ոչ անհետաքրքիր լինեն, ոչ էլ պայթյունավտանգ: Ձեզ մոտ ո՞ւմ որ դերն է բաժին հասել:
-Դե, երևի ես բամբակն եմ (ժպտում է):
-Օլյա, արդեն իսկ մտածո՞ւմ եք երրորդ փոքրիկի՝ գուցեև դստրիկի մասին:
-Ոչ, ես կարծում եմ, որ պետք է իմ տղաներին դաստիարակեմ: Դեռ շա՜տ անելիք ունեմ՝ կապված իրենց հետ: Բացի այդ, ինչպես ասացի, արդեն մտածում եմ վերադառնալ իմ աշխատանքին: Այնպես որ, ըստ իս, իրավունք ունեմ միառժամանակ չմտածել այդ մասին (ծիծաղում է):