26/10/2015 19:30
Մենք իր արծիվներն էինք, ովքեր պետք է բեմ դուրս գային, ճախրեին և իր հաղթանակը տեղ հասցնեին. Դերասանները Սոս Սարգսյանի մասին
Հոկտեմբերի 24-ին հայ կինոյի և թատրոնի մեծ դերասան Սոս Սարգսյանը կդառնար 86 տարեկան: Թեև այսօր վարպետը մեզ հետ չէ, սակայն օրը նշանավորվեց իր ստեղծած Համազգային թատրոնի՝ «Սոս Սարգսյանի անվան թատրոն» վերակոչմամբ: Aysor.am-ը ձեզ է ներկայացնում արտիստի մասին իր սաների, իր թատրոնի դերասանների հիշողությունները:
Անահիտ Կիրակոսյան
Ես հպարտ եմ, որ սովորել եմ վարպետի կուրսում: Ինձ համար պատիվ է, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվելու, նրա էությունն ու խորությունը զգալու: Իր ամեն մի խոսքը մեզ համար հսկա օվկիանոս էր: Նա մեր պապին էր, մեր իմաստունը:
Հիշում եմ, ընդունելության քննության ժամանակ, երբ էտյուդ էի ներկայացնում և նրան շատ դուր եկավ՝ ասաց. «Ապրես աղջիկ ջան: Որտեղի՞ց ես»: Ասեցի՝ Լոռիից վարպետ: Ասաց. «Վայ շաշ ես, շաշ ու միամիտ»: Այդպես էլ նրա համար մնացի «շաշ լոռեցի»:
Պաշտում եմ «Նահապետ» ֆիլմը՝ Հենրիկ Մալյանի և վարպետիս նուրբ ու անզուգական խաղը:
Արթուր Պետրոսյան
Որքան որ հասցրել եմ Պապիի հետ շփվել, ամեն մի րոպեն հիշողություն էր: Ու քանի որ նման վարպետ եմ ունեցել, միշտ էլ սիրով եմ նայել ու նայում իր մասնակցությամբ բոլոր ֆիլմերը. «Նահապետ», «Ձորի Միրո», «Գիքոր», «Խնձորի այգին»… Բոլոր ֆիլմերը կարոտով եմ նայում: Բայց ասեմ, որ ինձ համար ամենից հոգեհարազատը «Ես եմ» ֆիլմն է, քանի որ իրեն տեսել եմ այլ հասակում՝ բարի պապիկի տեսքով, ինչպիսին որ ճանաչել եմ:
Կարծում եմ, եթե իրեն ընդունում ենք՝ կոչելով վարպետ, իրավունք չունենք չհավանելու այդ վարպետից որևէ աշխատանք: Պարտավոր ես գնահատել, հարգել, սիրել, ընդունել, հիանալ, հավատալ… Լավն է, վատն է, մեր վարպետն է, փառք ու պատիվ իրեն:
Վարշամ Գևորգյան
Համազգային թատրոն եմ հրավիրվել դեռևս ուսանող տարիքից և մինչև օրս այնտեղ եմ աշխատում: Սոս Սարգսյանը շատ մեծ մարդ էր՝ իր բարությամբ, մասնագիտական հմտությամբ: Իրենից շատ-շատ բան եմ սովորել նույնիսկ փորձերի ընթացքում: Բոլորովին խիստ չէր… Հաճախ է պատահում, որ արտիստները բեմից, էկրանից բոլորովին այլ են լինում, կյանքում, իրական հարաբերություններում՝ այլ: Սակայն նա այն նույն բարի, անմիջական, իմաստուն մարդն էր ամենուր:
Թեև ինձ բախտ չի վիճակվել իր հետ նույն բեմում խաղալ, բայց նրա բեմադրությունների մեջ խաղացել եմ: Նա շատ հումորով մարդ էր ու երբեմն ինքնատիպ հումորային իրավիճակներ էր ստեղծում: Իր համ ու հոտը նրանում էր, որ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ կարող էր այնպիսի մի բան հարցնել, որը աշխուժություն կմտցներ խմբում ու կծիծաղեցներ:
Ներկայացումից առաջ խմբին ոգևորելիս միշտ արծիներով էր դիմում, մենք իր արծիվներն էինք, ովքեր պետք է բեմ դուրս գային, ճախրեին և իր հաղթանակը տեղ հասցնեին:
Լևս Դավթյանը
Թեև իր ուսանողը չեմ եղել, բայց ինձ համարում եմ բախտավոր դերասան նոր սերնդի մեջ, որովհետև մի կադրում եմ եղել Սոս Սարգսյանի հետ ու հենց այդ ժամանակ եմ առավել հասկացել իր մեծությունը (Լևս Դավթյանը և Սոս Սարգսյանը նկարահանվել են «Ես եմ» ֆիլմում): Նա հենց նկարահանման հրապարակ էր գալիս, մթնոլորտն անմիջապես փոխվում էր, արդեն կինո կար, անձնակազմը չէր կարող պրոֆեսիոնալ չաշխատել, ինքը պրոֆեսիոնալիզմ էր ներարկում կարծես: Բացարձակ ամբիցիաներ չուներ, չէր փորձում իրեն վերադասել և իր մեծությունը հենց դրա մեջ էր: Եթե որևէ մեկն ուշանում էր կամ տեխնիկական փոքրիկ խնդիր էր լինում, մեր սիրելի պապիկը լուռ ու համբերատար նստում, սպասում էր: Իր հետ շատ հեշտ էր աշխատելը:
Կարծում եմ, եթե հայ ես, ապա չես կարող չսիրել նրա մասնակցությամբ «Նահապետը», «Ձորի Միրոն», «Մենք ենք, մեր սարերը»:
Ողջունում եմ, որ Համազգային թատրոնը վերանվանվեց վարպետի անունով: Այդ թատրոնն ինքն է ստեղծել և պետք է, պարտավոր էին իր անվամբ կոչել: Շատ լավ է, որ մեր քաղաքում կա Սոս Սարգսյանի անվան թատրոն: Կարծում եմ, այդ սերնդի երեք հանճարների՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան և Խորեն Աբրահամյան, անուններով թատրոնները պարտադիր են: Ցավոք, Խորեն Աբրահամյանի անվան թատրոն դեռևս չունենք…