27/10/2015 13:31
Մատենադարանի տնօրեն. Մենք ցեղասպաններից փրկել ենք նաև իրենց մշակույթը
Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկում է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Դրա մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են ձեռագրերի պահպանմանը, վերանորոգմանը, թվայնացմանը վերաբերող հարցեր.
«Այս ընթացքում մենք բազմաթիվ պայմանադրեր ենք կնքել մեր եվրապական կամ ԱՊՀ այլ երկրների գործընկերների հետ: Վերջին պայմանագիրը Կալիֆորնիայի ազգային համալսարանի հետ է, որտեղ մոտ 100 հայերեն ձեռագիր է պահպանվում»,- ասաց Հրաչյա Թամրազյանը:
Նա կարևորեց այն, որ Ցեղասպանության ժամանակ հայերի կողմից փրկվել են ոչ միայն հայալեզու, այլև՝ օտարալեզու ձեռագրեր. Արաբերենով գրքեր, ղուրաններ, ու նույնիսկ՝ օսմաներեն ձեռագրեր.
«Այսինք մենք ցղասպան ջարդարարներից փրկել ենք նաև իրենց մշակույթը: Այստեղ է երևում հայ մարդու արժեհամակարգը»,- ասաց Մատենադարանի տնօրենը:
Նշենք, որ գիտաժողովն անցկացվում է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Այն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Դրան մասնակցում են ներկայացուցիչներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից, Վրաստանից: