27/10/2015 19:56
Նման միտք չունեմ, քանի որ այդտեղ անելիք չունեմ. Մարիամ Սարյանը՝ Հայաստան վերադառնալու մասին
Արդեն տևական ժամանակ է՝ էկրաններին չենք հանդիպում դերասանուհի Մարիամ Սարյանին, ում հեռուստադիտողն առավել շատ ճանաչում է սերիալային դաշտից: Ի դեպ, գրեթե մեկ տարի է, ինչ դերասանուհին ամուսնու՝ նկարիչ Արթուր Սարյանի հետ մեկնել է Հայաստանից: «Ինձ մոտ այժմ ավելի շատ կրթության շրջան է: Երբ Հայաստանից դուրս ես գալիս և ամեն ինչ սկսում զրոյից, հասկանում ես, որ առջևում մեծ ու բարդ ճանապարհ է սպասվում: Այնպես որ, հիմա ավելի շատ մասնագիտական բացահայտումների և ուսման շրջան կանվանեի: Ուսումնասիրում եմ խաղարկային թատրոնի՝ «Վասիլևի» դպրոցը: Զուգահեռ, հետաքրքիր վարպետության դասերի եմ հաճախում, Մոսկվան տալիս է դրա հնարավորությունը»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Մարիամ Սարյանը:
Մեր այն հարցին, թե՞ արդյոք մտափոխվել է և այլևս չի ցանկանում մեկնել Փարիզ՝ բնակության, վերջինս պատասխանեց. «Մոսկվայից գնալու նպատակ միշտ էլ ունեմ: Ինձ համար սա ժամանակավոր քաղաք է, Փարիզ մեկնելու իմ պլանները շարունակում են ակտուալ մնալ: Այդ ճանապարհը դանդաղ քայլերով ենք անցնում, բայց կհասնենք, ոչինչ: Այստեղ էլ կյանքը ուրախ և հետաքրքիր է»:
Ի դեպ, նա մի շրջան բեմական գործունեությունը շարունակեց մոսկովյան թատրոններից մեկում, սակայն թատրոնում ֆինանսական խնդիրներ առաջացան՝ խոչընդոտելով աշխատանքին: Ինչպես նշում է դերասանուհին, դերասանը պետք է գտնի իր թատրոնն ու իր ռեժիսորներին, դա էներգիայի ներդրման և փոխանակման հարց է:
Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում մասնագիտական զբաղվածություն ունեցող դերասան-բեմադրիչը որոշեց հեռանալ երկրից և արդյոք մտածում է վերադարձի մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, ես Հայաստանում շատ էի նկարահանվում, բայց դա մասնագիտության իմ ընկալումը չի: Ես շատ ինքնաքննադատ եմ, որպեսզի դա ինձ բավարարեր: Սերիալում կամ ֆիլմում նկարահանվելը դեռ չի նշանակում զբաղվել դերասանությամբ: Այս մասնագիտության հանդեպ իմ վերաբերմունքը խիստ տարբերվում է նրանից, ինչ ես կարող էի այդտեղ անել: Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, ապա նման միտք չունեմ, քանի որ այդտեղ անելիք չունեմ: Երբեմն այցելում եմ Երևան, բայց ժամանակավոր»:
Իր Հայաստանում գտնվելու վերջին շրջանում դերասանուհին նաև ներկայացում պատրաստեց՝ հանդես գալով որպես բեմադրիչ: «Ես անկեղծ ստեղծագործել եմ և մեծ բավականություն եմ ստացել: Դրա համար շատ շնորհակալ եմ նաև Լիանա Վարդանյանին: Նա տաղանդավոր դերասանուհի է՝ գունեղ աշխարհով: Մինչ օրս կարոտում եմ մեր փորձերը»,-եզրափակեց մեր զրուցակիցը: