27/10/2015 20:32
Երևանում համերգով հանդես կգա վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը
Նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը՝ The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։
Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Մշակույթի նախարարութան աջակցությամբ։
Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:
Լինելով «Սոնի քլասիք» ըկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-ի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորս եղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Բելն իր առաջին ջութակը ստացել է չորս տարեկան հասակում, իսկ 12 տարեկանից սկսել է սովորել լեգենդար Ջոզեֆ Գինգոլդի մոտ Ինդիանայի համալսարանում, այժմ էլ Ջեյքոբս երաժշտական դպրոցի ավագ դասախոսն է։ 14 տարեկանում սկսվել է Բելի աստղային վերելքը, ելույթ ունենալով Ռիկարդո Մուտիի և Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ, իսկ 17 տարեկանում կայացել է նրա դեբյուտը Քարնեգի Հոլում և առաջին եվրոպական շրջագայությունը:
Բելը արժանացել է բազմաթիվ պարգևների՝ 2013թ.-ին «Ազգային երիտասարդ» արվեստների հիմնադրամը, 2012թ.-ին՝ Նյու Յորքի «Ձայնագրման ակադեմիան», 2011թ.-ին «Մոմենտ» ամսագրից ստացել է «Արվեստի հորիզոններ» ընկերության «Փոլ Նյումեն» մրցանակը և «Հուբեռման» մրցանակը՝ ։ «Երաժշտական Ամերիկան» Բելին հռչակել է 2010թ.-ի «Տարվա լավագույն գործիքային կատարող», ստացել է նաև «Հումանիտար» մրցանակը` Սեթոն Հոլ համալսարանից։ 2009թ.-ին նրան պարգևատրել է «Կրթություն երաժշտության միջոցով» նախաձեռնությունը, 2008թ.-ին արժանացել է «Նվաճումների ակադեմիայի» մրցանակին։ 2007թ.-ին ստացել է «Ավերի Ֆիշեր» մրցանակը, իսկ 2005թ.-ին նրա անունը զետեղվել է «Հոլիվուդ Բոուլ» համերգասրահի փառքի սրահում։