28/10/2015 20:21
Գիտեմ, որ մի քիչ ծանր բնավորություն ունեմ, բայց մենք միմյանց շատ ենք սիրում և երջանիկ ենք. Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը 3 տարեկան է
Այսօր դերասան Ալեքսանդր Բաբասյանի և Լիլիթ Բաբասյանի ընտանիքը դարձավ 3 տարեկան: Aysor.am-ը շնորհավորելով նորաստեղծ գեղեցիկ ընտանիքին` հետաքրքրվեց, թե ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս են իրենց միասնության ծնունդը նշել ամուսինները.
«Նախ, մեր 3-ամյակը սկսեցինք նշել կեսգիշերին՝ ընտանեկան միջավայրում: Առավոտյան դրսում՝ գեղեցիկ մի վայրում, ընտանիքիս հետ նախաճաշելու գնացինք: Երեկոյան ևս գեղեցիկ միջոցառում կկազմակերպենք, բայց այս անգամ միայն երկուսով կլինենք»,-անկեղծացավ դերասանը:
Այս զույգը միշտ առանձնացել է ինքնատիպ անակնկալներով և միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունքով: Մեր այն հարցին, թե այս անգամ նյութական ի՞նչ անակնկալներ են մատուցել ամուսինները միմյանց, Ալեքսանդր Բաբասյանը պատասխանեց. «Իսկապես, երկուսս էլ սիրում ենք միմյանց անակնկալներ մատուցել, և բոլորովին կապ չունի՝ թե նվերն ինչ արժողություն կունենա: Իհարկե, ճոխ, թանկարժեք նվերներ սիրում ենք, բայց դա ամենակարևորը չի: Երբ ընտանիք ես ունենում, արդեն այն փուլն է, որ կարող ես քեզ թույլ տալ և դիմացինիդ նվիրել այն, ինչի անհրաժեշտություն ինքը ունի: Կարևոր է նաև գեղեցիկ, ռոմանտիկ մատուցման ձևը… Ինչ վերաբերում է երեկվա նվերներին, ապա դրանք ավելի շատ սիմվոլիկ էին»:
Որքան էլ ընտանիք կազմոզ մարդը հասուն է, կայացած, միևնույն է՝ ամուսնական կյանքը նրան փոխում, վերափոխում է: «Այս 3 տարվա մեջ դարձել եմ ավելի բարի: Հավանաբար, դա կնոջ ազդեցությունն է, քանի որ կինդ ավելի շատ ընտանեկան միջավայր է ապահովում: Գործնական առումով նույնն եմ՝ ինչպես միշտ ամենուր եմ ու տարբեր բաներ եմ փորձում ձեռնարկել: Իսկ իմ կյանքի ամենակարևոր փոփոխությունը որդուս ծնվելն է»,-նշեց մեր զրուցակիցը:
Ալ. Բաբասյանը, ինչպես միշտ, կնոջը մաղթում է ամենակարևորը… Իսկ թե արդյոք զույգերը չեն ուզում ևս մեկ բալիկով համալրել ընտանիքը հարցին նա ծիծաղելով պատասխանեց. «Մեր տղան մի փոքր թող «ոտի կանգնի», ինստիտուտ գնա, նոր կմտածենք: Իսկ կնոջս մաղթում եմ, որ շատ ավելի համբերատար լինի, իմ ձեռքին դիմանա: Ես գիտեմ, որ մի քիչ ծանր բնավորություն ունեմ, բայց մենք միմյանց շատ ենք սիրում և երջանիկ ենք: Իհարկե, ինչպես բոլոր ընտանիքներում, մենք էլ վեճեր ունենում ենք, բայց դրանք միայն կենցաղային բնույթ են կրում՝ հիմնականում կապված փոքրիկի հետ՝ լացեց, վեր կացավ»…
Ի դեպ, Aysor.am-ին տեղեկություն էր հասել, որ Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքը 5 ամիս Հայաստանում բնակվելուց հետո այս գիշեր պատրաստվում է մեկնել Ռուսաստան: Որքանո՞վ է լուրը պատկանում իրականությանը և հանգի՞ստը, թե՞ գործունեությունը նրանց մոտ կես տարի պահեց Հայաստանում. «Ես տոմսերը գնել եմ ընդամենը երկու ժամ առաջ, բայց փաստորեն այդ մասին արդեն իսկ խոսո՞ւմ են… Բայց ասեմ, որ դեռ հստակեցված չէ մեր գնալու օրը: Ես Հայաստան եկա երկու ամսով, բայց մնացի հինգ ամիս: Վերադառնալուն պես 3 սերիալներից առաջարկներ ստացա, բայց կտրականապես մերժեցի: Այժմ երկու գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունեմ՝ մեկում՝ գլխավոր, մյուսում՝ երկրորդական դերով, սակայն դեռևս բյուջեները հաստատված չեն: Երբ որոշվի նկարահանել, ես անպայման կգամ, կնկարվեմ, կգնամ: Ֆիլմերից մեկը նկարահանելու է ռեժիսոր Ելենա Արշակյանը, մյուսը՝ Պողոս Ամիրխանյանը»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը: