28/10/2015 15:27
Սամվել Կարապետյան. Իրանում մեր հուշարձանների նկատմամբ եղած վերաբերմունքն օրինակելի է
Իրանի կողմից մեր հուշարձաններիր նկատմամբ բարյացկամ վերաբերմունք կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ առաջիկայում Երևանում կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդես:
«Այդ երկրի վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ օրինակելի է: Մենք պետական մակարդակով որևէ դժվարություն չունենք Իրանում հայկական ժառանգությունը ուսումնասիրելու համար»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը:
Ասուլիս մյուս բանախոս՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին էլ հիշեցրեց, որ Իրանը մի քանի անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել հայկական մշակութային կոթողներ՝ դրանք որպես մշակութային ժառանգություն գրանցելու համար:
«Հայերը մեզ համար երբեք հյուր չեն եղել: Նրանք երկրորդ կարգի ժողովուրդ չեն մեզ մոտ, այլ պարզապես իրանցի են՝ բոլոր իրավունքներով»,- ասաց Իրանի դեսպանատան աշխատակիցը:
Նշենք, որ ցուցահանդեսը կբացվի Թումանյանի թանգարանում, այնուհետև կտեղափոխվի Երևանի Կապույտ Մզկիթ: