29/10/2015 12:08
Ռուսական ջազը կթևածի նաև Երևանում
Ասում են՝ երաժշտությունը հասկանալու համար լեզու իմանալ պետք չէ, բայց յուրաքանչյուր ազգի ստեղծած երաժշտությունը, անկախ ժանրից, ունի իր ոճն ու յուրահատկությունները։ Ջազը բացառություն չէ, ու որքան էլ իմպրովիզն ունի իր տեղն այդ ժանրում, լեզվամտածողությունն իր հետ բերում է նաև դրան հատուկ երաժշտական տրամաբանություն։
Սեպտեմբերի 30-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ, որի նպատակը ռուս հանդիսատեսին հայկական ջազի երիտասարդ կատարողների՝ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդի երգարվեստին ծանոթացնելն էր։ Որպես պատասխան՝ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության, ռուսական ջազի երեկո է նվիրում երևանցիներին, այն էլ՝ մեկի փոխարեն երկուսը։
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս համերգներն անցկացվում են 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում, իսկ նոյեմբերի 10-ին՝ ժամը 21։00-ին, «Մեցցոյում», ռուսական ջազային արվեստին հայ հանդիսատեսը կծանոթանա երիտասարդ, բայց արդեն ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի և իր բենդի կատարումների շնորհիվ։ Բենդի կազմում հանդես կգան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր), Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) և Սաշա Մաշինը (հարվածայիններ)։
Համերգի հատուկ հյուրերն են Արմեն Հյուսնունցը և Վահագն Հայրապետյանը: