30/10/2015 20:14
Հայազգի դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը Երևանում հանդես կգա համերգով
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 2-ին, ժ. 19.00, Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը տեղի կունենա Վերադարձի դասական Երաժշտության 8-րդ Փառատոնի «Դաշնամուրային երաժշտության երեկո» համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, բելգիաբնակ տաղանդաշատ մեր հայրենակցուհի Լիլիթ Գրիգորյանը հանդես կգա դաշնամուրային երգացանկի բարդագույն ստեղծագործությունների կատարմամբ:
Դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանի մասին աշխարհահռչակ Մարիա-Ժոաո Պիրեսն ասել է.-«Լիլիթն ունի գերհզոր, վճռական, հստակ և հաստատակամ երաժշտական լեզու»:
Ի դեպ՝ Լիլիթ Գրիգորյանը սկսել է դաշնամուր սովորել 7 տարեկան հասակում` Արքուհի Հարությունյանի մոտ: Նրա ուսուցիչների շարքում են Սերգեյ Սարաջյանը, Աբդել Ռահման Էլ Բաչաանդը և Մատիաս Կիրշներեյտը:
Նա նաև խորհրդատվություններ է ստացել անվանի երաժիշտներ Մենահեմ Պրեսսլերի, Էլիզաբեթ Լեոնսկայայի, Դմիտրի Բաշկիրովի, Լարս Վոգտի, Զոլտան Կոսսիզի կողմից: Գերազանց ավարտելով Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան և Ռոստոկի երաժշտական ակադեմիան, ներկայումս Լիլիթը ստեղծագործում է Ելիզավետա Թագուհու երաժշտական դպրոցում Մարիա-Ժոաո Պերեսի դասարանում: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է մի շարք միջազգային հայտնի երաժշտական փառատոների:
2012-ի փետրվարին թողարկվել է Լիլիթ Գրիգորյանի առաջին սկավառակը` Սկարլատիի, Շումանի, Բարտոկի և Խաչատրյանի գործերով:
Պարգևատրվել է ՀՀ Նախագահի մրցանակով:
Ծրագրում կհնչեն հետևյալ ստեղծագործությունները.
Դ. Սկարլատի 4 սոնատը, Լ. Վան Բեթհովենի Սոնատ 28 A-Dur. Op.101, Ֆ. Շուբերտի 2 էքսպրոմտ op.90, Ս. Պրոկոֆևի Սոնատ 6 a-moll op.82: