31/10/2015 16:28
Շուտով բոլոր ցանկացողները կարող են օգտվել «Ֆուլ հաուս» սրճարանից
«Ֆուլ հաուս» նախագծի պրոդյուսեր, հումորիստ-դերասան Արմեն Պետրոսյանի Facebook-յան էջում քիչ առաջ «Ֆուլ հաուս» սրճարանի նկար էր տեղադրվել՝ շուտով վերտառությամբ: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ տեղեկանալու, թե արդյոք «սկեչային սրճարանն» այսուհետ տեղափոխվելու է իրականություն:
«Մտահղացումը պատկանում է «Ֆուլ հաուսի» ամբողջ անձնակազմին: Քանի որ մարդիկ միշտ ցանկություն են հայտնում լինել մեր նախագծի սրճարանում, մենք էլ որոշեցինք նման մի սրճարան բացել Երևան քաղաքում»,-մանրամասնեց շոումենը:
Ինչպես ցանկացած կառույց, այն ևս պետք է սեփականատեր ունենա: Մեր այն հարցին, թե տվյալ պարագայում ով կդառնա սրճարանի սեփականատերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, մենք այդպիսի «ֆիկտիվ» բաների ետևից չենք ընկնում: Եթե խոշոր բիզնեսմեն լինեինք, հավանաբար, կմտածեինք՝ ով ինչքան պետք է ներդնի, քանի տոկոս շահույթ ունենա և այլն… Դեռևս ընդհանուր նպատակ ունենք. բացում ենք այս սրճարանը՝ գեղեցիկ անակնկալ մատուցելով բոլորիս: Որևէ բաշխվածություն չկա՝ ով ինչ պետք է անի կամ ներդնի: Ուղղակի հերթական մի սրճարան չենք բացում, այլ ցանկանում ենք, որ այնտեղ բոլոր առումներով բարձր որակ լինի, այցելուներն իրենց լիարժեք զգան»:
«Ֆուլ հաուսում» կլինեն նաև հետաքրքիր նորամուծություններ, որոնց մասին պրոդյուսերը դեռևս չցանկացավ բարձրաձայնել. «Միայն կասեմ, որ այնտեղ կլինեն շոու ծրագրեր, քանի որ բեմի առկայության խնդիր չունենք»:
Սրճարանը կգործի նոյեմբերի կեսերից, սակայն հստակ օրն ու տեղը դեռևս չբարձրաձայնվեց. «Դեռևս որոշել ենք տեղը չհայտարարել: Բացման արարողությունը ևս չենք ցանկանում ստանդարտ ձևով անցկացնել. չի լինելու բացում՝ հատուկ մարդկանց համար: Պարզապես շուտով կհայտարարվի, թե որ օրվանից է սրճարանն աշխատելու ու այցելուներ ընդունելու»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը: