31/10/2015 14:38
Դա է պատճառը, որ որոշեցի չդժբախտացնեմ նրան. «Բանակումի» Համբարձումը` Հայաստանից մեկնելու մասին
Համբարձումի կերպարով «Բանակում» և «Քաղաքում» սերիալներից հայտնի դերասան Էմիլ Գալստյանն օրեր առաջ Facebook-յան էջում իր շան հետ նկար էր հրապարակել՝ մակագրելով, որ կենդանուն վաճառում է, քանի որ պատրաստվում է մեկնել Հայաստանից: Խոսակցություններ շրջանառվեցին, որ դերասանը ԱՄՆ-ում հաստատվելու ցանկություն ունի: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ հետաքրքրվելով՝ ո՞ւր է մեկնում և ի՞նչ նպատակով:
«Ես ընդամենը 10 օրով մեկնում եմ Ռուսաստանի Դաշնություն՝ համերգային ծրագիր վարելու»,-պարզաբանեց նա:
Մեր հարցին՝ խոսքը բեմական ծրագրի՞, թե՞ մասնավոր միջոցառման մասին է, վերջինս պատասխանեց. «Ես թամադայություն, առհասարակ, չեմ անում: Երգիչների հետ եմ մեկնում: Բայց դեռևս մանրամասներին չեմ տիրապետում և չեմ կարող առավել շատ ինֆորմացիա տրամադրել»:
Իսկ թե ինչու է որոշել նվեր ստացած կենդանուն վաճառել և արդյոք վերջինիս մասին 10 օրվա ընթացքում որևէ մեկը չէր կարող հոգ տանել, մեր զրուցակիցը նշեց. «Շունիկին շատ խիստ, հոգատար խնամք է պետք, իսկ ես նրան չեմ կարողանում ժամանակ հատկացնել: Դա է պատճառը, որ որոշեցի չդժբախտացնեմ նրան»:
Թեև «Բանակումն» ու «Քաղաքումը» նրան առավել ճանաչելի դարձրեցին, սակայն նախագծերի ավարտից հետո, կարծես, նրա կողմից էկրանային լռություն պահպանվեց:
«Մասնագիտական առումով հիմա միայն թատրոնում եմ զբաղված. Համո Ադիյանի «Օսկար» ներկայացման մեջ եմ խաղում: Գտնում եմ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,-եզրափակեց Է. Գալստյանը: