03/11/2015 20:23
Հռիփսիմե Ելինյանի «Էլ սեր չկա» երգի տեսահոլովակի վրա աշխատել է նաև «Ֆուլ Հաուսի» թիմը
Երգչուհի Հռիփսիմե Ելինյանն այսօր իր երկրպագուներին ներկայացրեց «Էլ սեր չկա» երգի և տեսահոլովակի պրեմիերան: Aysor.am-ը շնորհավորելով՝ փորձեց ճշտել, թե ինչո՞վ էր պայմանավորված երգչուհու երկարատև լռությունը:
«Որոշեցինք, որ տևական դադարից հետո Հռիփսիմեն անպայման այնպիսի երգով հանդես գա, որը սրտին կպնող կլինի, ասելիք կունենա: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց: Ինչ վերաբերում է լռությանը, ապա այն այդքան էլ երկար չէր. ընդամենը մեկ տարի ու մի քիչ: Սակայն ասեմ, որ Հռիփսիմեի մոտ աշխատանքային գրաֆիկը այնքան խիտ էր, որ նա նույնիսկ չէր էլ մտածում նոր երգի մասին: Չէ՞ որ ղեկավարում է «Trio Studio»-ն: Բայց քանի որ արդեն ժամանակն էր, դեռ մի բան էլ անցել էր, մենք որոշեցինք ներկայացնել այս երգը»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց երգչուհու պրոդյուսեր-ամուսին Գրիգոր Դանիելյանը:
Երաժշտության հեղինակները հույն կոմպոզիտորներ են՝ Revo և Joe Minor, գործիքավորումն ու ձայնագրությունը կատարվել է «Duetro Studio»-ում՝ Էդգար Ալեքսանյանի կողմից, խոսքերը պատկանում են Գրիգոր Դանիելյանին: Տեսահոլովակի նկարահանումը վստահվել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանին: «Մենք նրա հետ երկարատև աշխատել ենք՝ մինչ տեսահոլովակը նկարահանելը: Ասեմ, որ տեսահոլովակի սցենարի վրա աշխատել են նաև իմ այն ընկերները, որոնց հետ միասին «Ֆուլ հաուս» սիթքոմի սցենարն ենք գրում: Կարևորը՝ ստացանք այն, ինչ մենք էինք ուզում»,-նշեց պրոդյուսերը:
Դիտարկմանը, որ շատերը երգի վերնագիրը կարող են որպես իրականություն ընկալել՝ պրոդյուսերը պատասխանեց. «Տեսահոլովակի սկզբում գրվում է, որ այն հիմնված է իրական փաստի վրա. այսպիսի դեպք եղել է, ուղղակի մենք փորձել ենք տալ դրա գեղարվեստական լուծումը, նաև վերջում նշում ենք. «Երբ կանգնում ես կարևոր ընտրության առաջ՝ մտածիր»:
Տեսահոլովակում նկարահանվել են Հովիկ Շիրվանյանը և մոդել Արփինեն. «Նրանք իրենց դերը փայլուն կատարել են: Նկարահանվել է նաև «ձյաձ» Հովհաննեսը, ով նույնպես շատ լավ է մարմնավորում կերպարը: Նշեմ, որ տեսահոլովակում ընդգրկված են նաև մեր ստուդիայի սաներից ոմանք: Բոլորին շնորհակալ ենք, որ մեր կողքին էին»:
Պրոդյուսեր-ամուսինը նշեց, որ տևական դադարից հետո սա Հռիփսիմեի անհատական գործունեության շարունակությունն է, և շուտով կլինեն նաև նոր անակնկալներ: «Հաջորդ երգի վրա նույնպես երկար ենք աշխատելու, ուղղակի երգ չպետք է լինի, պետք է յուրաքանչյուր երգ իր մեջ ասելիք ունենա՝ չնայած մեկ-մեկ կոմերցիոն բնույթի ժամանցային երգերն էլ չեն խանգարի»,- ժպիտով անկեղծացավ ու եզրափակեց նա: