03/11/2015 11:50
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը նորովի կներկայանա մայրաքաղաքին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը և արդիականացումը: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Հիմնովին վերանորոգվում են 1973թ-ին կառուցված շենքի երեք մասնաշենքերը (4958 քմ): Հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են շենքի վերահատակագծում, ուժեղացում, էվակուացիոն աստիճանների կառուցում, ինչպես նաև հարկի ավելացում կենտրոնական մուտքի հատվածում: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության ևգհակահրդեհային ջրային համակարգեր, ընթացքում է հակահրդեհային ազդանշնային և տեսահսկողության համակարգերի տեղադրումը և նոր տանիքի կառուցումը:
Թեքահարթակների կառուցումն ու վերելակի տեղադրումը ոչ միայն հնարավորություն կտան հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ուսանել այստեղ, այլև կդյուրացնեն սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Իսկ նոր կառուցվող բեմահարթակը ժամանակակից որակ կհաղորդի համերգասրահին:
Վերանորոգումից անմասն չի մնա նաև շենքի ներքին բակը. կարդիականացվի լուսավորությունը, կտեղադրվեն տաղավարներ ու նստարաններ, ինչը դպրոցի շրջակայքը հարմարավետ ու գեղեցիկ դարձնելուց բացի, այլև առավել գրավիչ պայմաններ կստեղծի ուսման և ժամանցի համար:
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հարապետության դեսպանությունն էլ իր ներդրումն է ունեցել ծրագրում` 10.000 ԱՄՆ դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ նվիրաբերելով մասնագիտական դպրոցին:
Նախորդ տարիներին Հիմնադրամը տարբեր ծրագրերով աջակցել է այս կրթօջախին: 2011թ-ին Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնվել է աուդիո-վիզուալ լաբորատորիա` անհրաժեշտ սարքավորումներով, ձայնադարանով ու երաժշտական գործիքներով: Վերանորոգումից հետո մասնագիտական այս սենյակը կգործի արդիականացված պայմաններում: 2012 թ.-ին էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինը աջակցել է դպրոցի կահավորմանը:
2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ տոնեց հիմնադրման 75-ամյակը: 1939թ. հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր հանրակրթականին զուգահեռ բարձրակարգ երաժշտական կրթություն են ստանում դպրոցում: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ավանդույթներով այս կրթօջախն անվանել է երաժիշտների դարբնոց: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` տասնամյակներ շարունակ իրենց սաները մասնակցում են ազգային ու միջազգային մրցույթներին, շատերն էլ հաջողությամբ հանդես են գալիս համաշխարհային բեմերից: Պատահական չէ, որ դպրոցում գործող սիմֆոնիկ և փողային նվագախմբերին, ջութակահարների անսամբլին, երգչախմբին համալրելու է եկել ջազ-բենդը: Տնօրենը հպարտությամբ նշում է, որ դպրոցի հիմնը հեղինակել է դպրոցի սան Ալեքսանդր Հարությունյանը: