05/11/2015 13:11
Նկարահանվում եմ Մարգոյի կերպարում, ով փող սիրող, փող աշխատող, անհասանելի բիզնես-լեդի է. Դինա Ակոպովնան՝ նոր կերպարի մասին
Aysor.am-ն իր ընթերցողներին առաջինն էր տեղեկացրել Գոռ Վարդանյանի կողմից նկարահանվող «Հրեշների գայլը» նոր ֆիլմի մասին: Ֆիլում նկարահանվել է նաև հաղորդավարուհի Դիանա Ակոպովնան: «Նկարահանվում եմ Մարգոյի կերպարում, ով փող սիրող, փող աշխատող, անհասանելի բիզնես-լեդի է: Առաջին անգամ իմ կյանքում այսքան պատասխանատու, բայց բացասական կերպար եմ ներկայացնում: Մարգոն ուժեղ կին է, ումից վախենում են անգամ տղամարդիկ: Նրանցից առավել գործունյա է և խորագետ: Կերպարս շատերին կսովորեցնի, թե ինչպես կարող են բարի ժպիտով ու գրագետ խոսքով դիմացինին խելքահան անել: Շատերն էլ իրենց կգտնեն այս կերպարում: Մի մասն էլ անպայման կասի՝ այ սենց եք հա՞ խաբում մեզ»,-մանրամասնեց հաղորդավարուհի-դերասանուհին:
Մեր այն հարցին, թե արդյոք դժվար չէ Գոռ Վարդանյանի կողքին աշխատելը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես արդեն 10 տարի է, որ Գ. Վարդանյանի «Docando» ֆեդերացիայի հաղորդավարն եմ: Ունեմ նրա նման հասնող, աջակցող ընկեր, իմ հաջողություններից շատերն այստեղ են «կնքվել»: Բայց պետք է խոստովանեմ, որ Գոռը նկարահանման հրապարակում շատ բարդ ու պահանջկոտ մարդ է: Եթե ունենում ես գրագետ ռեժիսոր ու լավ խաղընկեր՝ գործդ ավելի դյուրին է դառնում: Ասեմ, որ այս ֆիլմում իմ գլխավոր խաղընկերն է: Գիտեք, այնքան զարմացած եմ, թե ոնց եմ կարողացել այս դերը խաղալ: Եթե հետագայում հեռուստադիտողը «Մարգոյին» հիշի, նշանակում է՝ ստացվել է, «մեսիջս» տեղ է հասել»:
Դիանայի հավաստմամբ՝ «Հրեշների գայլն» էկրանների կլինի շուտով, քանի որ արդեն իսկ մոնտաժային աշխատանքներ են տարվում:
Ի դեպ, մի շրջան հաղորդավարուհին գործունեությունը շարունակում էր ԱՄՆ-ում: Այժմ այնտեղ վերադառնալու նպատակ չունի, թեև՝ ամեն ինչ ժամանակը ցույց կտա: «Հայաստանն իմ տունն է, այստեղ եմ ծնվել ու մեծացել: Երբ լավ առաջարկներ եմ ունենում ԱՄՆ-ից՝ ինչը հաճախ է լինում՝ մեկնում եմ»,-պարզաբանեց նա:
Յուրաքանչյուր կերպար որոշակի նմանություն ունի այդ դերը մարմնավորողին: Սակայն մեր զրուցակիցը հավատացրեց, որ «Մարգոյի» հետ որևէ առընչություն չունի: «Այս կերպարը ոչ մի կերպ կապ չունի ինձ հետ: Միակ նմանությունն այն է, որ և՛ Դինան, և՛ Մարգոն իրենց օրը սկսում են գեղեցկության սրահից ու make-up ստուդիայից: Բայց դա մի բացատրություն ունի. յուրաքանչյուր կին ցանկանում է ամեն օր լինել կանացի և օրինակելի»,-եզրափակեց Դիանա Ակոպովնան: