05/11/2015 20:30
Գնացել ենք՝ գալու նպատակով. «Բանակումի» Համոն Հայաստանից հեռանալու, որդի ունենալու և ծննդյան անակնկալի մասին
Դերասան Վահագն Սարգսյանը, կամ, ինչպես շատերն են նրան ճանաչում՝ «Բանակում» սերիալի «Համո-Գագոյի» Համոն օրեր առաջ կրկնակի հայրիկ դարձավ: Aysor.am-ը շնորհավորելով նրան՝ զրուցեց որոշ մանրամասների շուրջ: «Փոքրիկս ծնվել է ամսին 1-ին՝ Չեխիայի հանրապետությունում: 3 կգ 700 գրամ առողջ բալիկ է: Անկեղծ ասած՝ այս անգամ էլ նույն զգացողություններն ունեի, ինչ նախկինում. լարված էի, սպասողական ու անհամբեր: Նոյեմբերի 3-ին էլ իմ ծննդյան օրն էր և սա իմ կյանքի ամենալավ նվերն էր կնոջիցս»,-պատմեց դերասանը:
Փոքրիկի անունը հուշել է 3-ամյա քույրիկը՝ Էմման, ով անհամբեր սպասում էր իր «քաջ Տիգրանի» լույս աշխարհ գալուն: «Աղջիկս փետրվարի 29-ին կդառնա 4 տարեկան: Ի դեպ, մինչ այս ստիպված ենք եղել նրա ծննդյան օրը նշել մարտի 1-ին, սակայն եկող տարի «իսկականն» ենք նշելու՝ փետրվարի 29-ին: Թեև դստրիկիս մոտ եղբոր նկատմամբ խանդ է զգացվում, բայց նաև իր տիկնիկների պես սիրում է»,-ժպիտով պարզաբանեց նա:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Հայաստանից տեղափոխվել է մեկ ամիս առաջ՝ Չեխիայում ապրելու նպատակով: Փոքրիկի խնամքի հարցում երիտասարդ ծնողներին օգնում են տատիկն ու մորաքույրները. «Կնոջս մարը և քույրերն են օգնում խնամքի հարցում: Բնականաբար, եթե Հայաստանում լինեինք, իմ ծնողներն էլ կօգնեին: Ասեմ, որ երեխայի համար ամեն ինչ նախապես գնել ենք»:
Մեր այն հարցին, թե արդյոք շատերի պես չեն ցանկանում իրենց որդուն մկրտել ծննդյան 8-րդ օրը, Վահագն Սարգսյանը պատասխանեց. «Շատ կցանկանայի մկրտել, բայց այժմ, ցավոք, Հայաստանում չեմ: Հենց վերադառնանք, անմիջապես կմկրտեմ»:
Նա կնոջը շնորհակալություն հայտնել է գեղեցիկ ծաղկեփնջով: Այս պահին իր ամենամեծ երազանքը երեխաների անհոգ ու առողջ կյանքն է: «Նաև շատ եմ ցանկանում խաղալ չեխական թատրոնում և նկարահանվել այստեղի ֆիլմերում: Հուսով եմ, նպատակս կիրագործեմ»,-հույս հայտնեց Վահագնը:
Մինչ մեկնելը՝ դերասանն այստեղ մի քանի առաջարկներ ստացավ, սակայն. «Առաջարկներ եղան մի քանի ֆիլմերից, բայց քանի որ պետք է տեղափոխվեի այստեղ՝ մերժեցի: Եթե հետագայում լավ առաջարկներ լինեն, կարծում եմ, անպայման կգամ, կնկարահանվեմ: Եվ հետո, այնպես չի, որ Հայաստան վերադառնալու նպատակ չունեմ: Գնացել ենք՝ գալու նպատակով»:
Ինչ վերաբերում է ներկայիս գործունեությանը՝ դերասանը նշեց, որ թեև այժմ աշխատանք չունի և վայելում է Չեխիան, բայց շուտով կվերսկսի գործնական առօրյան: