05/11/2015 13:51
Առաջին անգամ հայ երաժշտասերներին կներկայանա «Վերադարձի Կվինտետ» երաժշտախումբը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
Նոյեմբերի 5-ին, ժ. 19.00, Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը տեղի կունենա Վերադարձի դասական Երաժշտության 8-րդ Փառատոնի «Կամերային երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը:
Առաջին անգամ հայ երաժշտասերներին կներկայացվի Վերադարձի Դասական երաժշտության Փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի Կվինտետ» երաժշտախումբը` հետևյալ կազմով.
Լիլիթ Գրիգորյան, դաշնամուր/ Բելգիա/
Դավիթ Հարությունյան, ջութակ /Ֆրանսիա/
Տոմոկո Ակասակա, ալտ /Ճապոնիա/
Պոլին Բարտիսոլ, թավջութակ /Ֆրանսիա/
Բլանշ Ստրոմբոնի, կոնտարբաս / Ֆրանսիա/
Միջազգային համբավ և ճանաչում վայելող երաժիշտները միավորվել են` ի կատար ածելով Վերադարձի Փառատոնի ծրագրային դրույթներից մեկը` հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ միավորել տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների և ուղղությունների արվեստագետներին` միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման, հագեցած ստեղծագործական աշխատանքի համար: Գործընթացի վերջնարդյունքում նոյեմբերի 5-ին կներկայանա մի երաժշտախումբ, որը Վերադարձի Փառատոնի Կվինտետ անվանմամբ հնարավորություն կունենա ներկայանալու նաև արտերկրում:
Վերադարձի Փառատոնի Կվինտետը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության Տանը հանդես կգա հետևյալ ծրագրով.
Գ. Մալեր- Դաշնամուրային Կվարտետ, լյա մինոր
Ֆ. Մենդելսոն-Բարտոլդի- Դաշնամուրային Տրիո N 2, դո մինոր, op. 66
Ֆ. Շուբերտ- Դաշնամուրային Կվինտետ, լյա մաժոր, op. 114