06/11/2015 17:36
Չեմ բացառում, որ սկզբում կլինեն կիքսեր. Շուշան Երիցյանն այսուհետ հանդես կգա նաև որպես հաղորդավարուհի
Արդեն մի քանի օր է՝ Շուշան Երիցյանն իր ուժերը փորձում է նաև հաղորդավարական ասպարեզում: Մոդել-դերասանուհին յուրաքանչյուր աշխատանքային օր 2 ժամ տևողությամբ ուղիղ եթերում է լինում: «UsArmenia-ի՝ «Համահայկական առավոտ» հաղորդման շրջանակներում իմ գործընկեր Ռաֆայել Մնացականյանի հետ ուղիղ եթերում ենք լինում առավոտյան ժամը 10-ից: Հայաստանում դեռևս որևէ հեռուստաընկերությամբ հաղորդումը եթեր չի գնում, բայց այն տեղադրվում է իմ պաշտոնական կայքում և հասանելի դառնում ամբողջ համացանցում: Հաղորդման նպատակը Գլենդել-Երևան հեռուստակամուրջ ստեղծելն է: Ունենում ենք սիրված, ճանաչված ու հետաքրքիր հյուրեր, զրուցում տարբեր թեմաներից»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Մեր զրուցակիցը չժխտեց, որ դժվար է ուղիղ եթերում հանդես գալը, սակայն հուսով է, որ ակընդիրները գոնե սկզբնական շրջանում ներողամիտ կգտնվեն. «Որպես հաղորդավարուհի՝ սա իմ առաջին փորձն է, այն էլ ուղիղ եթերում: Կխաբեմ, եթե ասեմ, որ դժվարություն բացարձակ չեմ ունենում: Շատ պատասխանատու աշխատանք է: Չեմ բացառում, որ սկզբում կլինեն կիքսեր, որոնք չանելով՝ երբեք չես զգա այդ դժվարությունն ու չես դառնա ավելի պրոֆեսիոնալ»,-անկեղծացավ Շուշանը:
Մոդել-դերասանուհին նշեց, որ նոր զբաղվածությունը բոլորովին չի նշանակում, որ ֆիլմերում և այլ նախագծերում այլևս հանդես չի գա. «Ավելին, այժմ սպասվում է ավելի բուռն գործունեություն: Ինձ համար դերասանի մասնագիտությունը առաջնային է մնում»:
Հեռուստատեսությունը շատերին գրավում է նրանով, որ ճանաչելիություն է բերում: Մեր այն հարցին, թե արդյոք մոդելի՝ այս աշխարհով տարվելը նման դրդապատճառ ուներ՝ պատասխանեց. «Ոչ, ես մտա այս աշխարհ, քանի որ ինձ հոգեհարազատ էր ու իմն էր: Ինձ համար երկրորդական դարձան հեռուստաաշխարհի և՛ բացասական, և՛ դրական կողմերը»:
Աշխատանքին, կարիերային տրվելու պատճառով հաճախ մոռանում ես անձնական կյանքի մասին: «Ճիշտ է, հիմա առօրյայիս մեծ մասը հատկացնում եմ կարիերայիս, բայց հուսով եմ՝ հարազատներս և ընկերներս ինձ հասկանում են: Սա էտապ է, և երբ ամեն ինչ հունի մեջ ընկնի, նորից կարող եմ հանգիստ վայելել երևանյան երեկոներս նրանց հետ»,-եզրափակեց Շուշան Երիցյանը: