07/11/2015 16:40
Ինձ որ շնորհեն վաստակավորի կոչում, Մութաֆյանն ինքն իրեն կխփի. Թաթուլ Ավոյանը՝ վաստակավորի կոչման մասին
9 տարի առաջ այս օրը իր իսկ քավորությամբ մկրտության արարողության ժամանակ հանկարծամահ եղավ երգիչ Արամ Ասատրյանը, ում կատարումներն այսօր էլ շարունակում են զարդարել շատ ու շատ հայկական հարսանիքներ: Aysor.am-ը վերջինիս գործընկեր Թաթուլ Ավոյանից հետաքրքրվեց, թե որքանով է այսօր այդ բնագավառում զգացվում Արամ Ասատրյանի պակասը:
«Առաջինը սկսենք նրանից, որ Արամն իմ ընկերն է եղել, այնուհետև դարձավ երեխաներիս կնքահայրը: Շատ էր սիրում իր ազգին, շատ նվիրված էր ժողովրդին: Բայց այսօր, չգիտես ինչի, իր անունը ոչ մի տեղ չի շոշափվում: Հակառակ դրան, մի հատ «ջահել» երգիչա «ծնվում», հլը «դուզգյունի» երգել էլ չի իմանում, ներկայացնում են որպես բոլորիս կողմից սիրված ու ճանաչված»,-նշեց մեր զրուցակիցը:
Առիթն օգտագործելով՝ ռաբիսի գործող արքայից հետաքրքրվեցինք, թե արդյոք չի վիրավորվում, որ ինքն «անտեսվել» ու վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ իր գործընկերների շարքում չի դասվել. «Ինձ թվում է՝ ինձ էլ կտան կոչում, բայց չեմ կարծում, որ դա կլինի մոտակա ժամանակներում: Մինչև չդառնամ Ձախ Հարութի տարիքին, ինձ ոչ մեկն էլ էտ կոչումը չի տա: Նաև, ինձ որ շնորհեն վաստակավորի կոչում, Մութաֆյանն ինքն իրան կխփի: Բա ես տենց բան թույլ կտա՞մ»:
Մեր այն հարցին, թե արդյոք Լևոն Մութաֆյանը դեմ է արտահայտվել Թաթուլին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուն՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Թէ չէ իրա կարծիքն ո՞վ ա հաշվի առնում»: