07/11/2015 16:12
Երբեմն հարցնում են, թե ո՞ր տարիքս կցանկանայի վերադարձնել. Ջուլիետա Ստեփանյանը նշում է ծննդյան 64 ամյակը
ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Գ. Սուդուկյանի և Հ. Պարոնյանի անվան թատրոնների դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն այսօր նշում է ծննդյան 64-րդ տարեդարձը: Aysor.am-, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց սկսված օրվա գեղեցիկ ակնթարթների մասին: «Նախ ասեմ, որ երբեք տարիքս չեմ թաքցրել, անկեղծորեն հպարտացել եմ իմ ամեն մի տարիքով: Ինձ երբեմն հարցնում են, թե ո՞ր տարիքս կցանկանայի վերադարձնել. ոչ մեկը, հավատացեք: Ես իմ ամեն տարիքը շատ սիրում ու հարգում եմ: Ինչ վերաբերում է այսօրվան, այս տարի չցանկացա ծննդյանս օրը նշել, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ ամուսնուս 60-ամյակն ենք մեծ շուքով նշել ու ֆիզիկապես մի քիչ հոգնած ենք: Ամուսինս ինձ այսօր հրավիրել է օպերա՝ «Գայանե» բալետը վայելելու: Այնուհետև ներկայացումից հետո երկուսով որևէ տեղ կնստենք, կնշենք»,-մանրամասնեց դերասանուհին:
Ի դեպ, ամուսնու՝ դերասան Սամվել Բաղինյանի տարեդարձը հոկտեմբերի 25-ին էր և կինն ամեն ջանք գործադրել էր՝ օրը գեղեցիկ ու տպավորիչ դարձնելու համար: «Իհարկե, ես շատ էի ցանկանում, որ ռեստորանում նշենք, բայց ամուսինս նախընտրեց տունը՝ պատճառաբանելով, որ շփումն ավելի մտերմիկ կլինի, կզրուցենք: Նա այժմ ժամանակավորապես Կույբիշևում է աշխատում և Հայաստան գալիս նախընտրում է շատ շփվել մտերիմների հետ: Թեև ասեմ՝ մեր տունը բավական մեծ է: Եկել էր Պարոնյան թատրոնի դերասանական, ղեկավարական կազմը, միասին շատ ուրախ ու շքեղ անցկացրեցինք»,-նշեց մեր զրուցակիցը:
Թեև ամուսինները ուշադրություն չեն դարձնում նյութական նվերներին, սակայն այսօրվա հոբելյարը խոստովանեց, որ օրեր առաջ ամուսնու համար երկու կոստյում է գնել՝ բեմական և առօրեական. «Իսկ ես այսօր առավոտից արդեն իսկ շատ նվերներ եմ ստացել: Ամուսինս ոսկյա ապարանջան է նվիրել, նաև իր հետ շատ նուրբ ռուսական շալ է բերել ինձ համար: Իսկ որ ամենակարևորն է՝ ինձ բալետ է տանում: Բայց ասեմ, որ իմ ու Սամվելի մեջ նման պարտավորվածություններ չկան՝ միմյանց պարտադիր նվերներ գնել տոներին: Ուղղակի այս տարի այսպես ստացվեց: Ճիշտ է՝ խնջույք չեմ անում, բայց քիչ հետո ընկերուհիներս են գալու»:
Ջ. Ստեփանյանի ծննդյան երազանքը չի սահմանափակվում միայն անձնական ցանկություններով: «Ես ամեն օր աղոթում եմ, որ Աստված մեր սահմանները, զինվորներին, Հայաստանը խաղաղության մեջ պահի: Թող մեր երեխաներն անհոգ ու անփորձանք լինեն, առողջ լինեն: Նույնը մաղթում եմ նաև աղջիկներիս, թոռներիս ու փեսաներիս»,-եզրափակեց արտիստուհին: