09/11/2015 14:15
Եվա Եգանյանը` նոր տեսահոլովակի և սպասվող մենահամերգի մասին
Շանթ հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Եվա Եգանյանն այսօր երկրպագուներին կներկայացրեց իր նոր՝ «Սերից Էրված» երգի տեսահոլովակը: Երգի գործիքավորումը կատարել է Խաչիկ Սահակյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը:
«Այժմ իմ 3 տեսահոլովակների կողքին ավելացել է նաև մեկը՝ Շերամի «Սերից էրված» երգը: Ի սկզբանե նախատեսված էր, որ այս երգը տեղ է գտնելու իմ ձայնասկավառակի մեջ, բայց երգի վերջնական տարբերակը լսելուն պես որոշեցի անպայման նկարահանել տեսահոլովակ: Շնորհակալ եմ այն մեծ թիմին, որի հետ ես աշխատեցի»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ունենալով կոմպոզիտորի մասնագիտություն՝ վերջինս ժամանակին ընտրեց ժողովրդական երգի ասպարեզը: Մեր այն հարցին, թե նման որոշման պատճառն արդյոք ժանրի հոգեհարազատ լինելն էր, թե մեկ այլ պատճառ՝ պատասխանեց. «Այո, ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ և այժմ էլ ստեղծագործում եմ, սակայն երգում եմ մանկուց՝ սկզբում դասական, հետո էստրադային, ավելի ուշ` ժողովրդական: Բնականաբար, հենց այս ժանրը շատ հարազատ դարձավ ինձ: Ես հայ եմ և իմ արյան մեջ հայկական մաքրամաքուր երաժշտությունն է»:
Թեև նա իր ստեղծագործական հասուն ու լուրջ ճանապարհը սկսել է «Ժողովրդական երգիչ» նախագծում, սակայն վերջին շրջանում առավել ակտիվ է որպես անհատ կատարող: «Այդ նախագիծը հիմքն էր իմ մեծ բեմի, լայն լսարանի, սակայն չեմ սահմանափակվել միայն դրանով: Նախագծից հետո մասնակցել եմ շատ համերգների թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: 2013 թվականից աշխատում եմ «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում»՝ որպես մեներգչուհի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նկատելի է, որ Ե. Եգանյանն իր երգերը ներկայացնում է ժամանակակից գործիքավերմամբ: Մեր այն դիտարկումը, թե արդյոք դա միտումնավոր է արվում, որպեսզի երիտասարդությանն ավելի լսելի լինի՝ երգչուհին մեկնաբանեց. «Բոլոր երգերը չեն, որ թույլ են տալիս գործիքավորել ժամանակակից մոտեցմամբ: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ: Բայց նաև շատ երգեր հնարավորություն են տալիս գործիքավորել նորովի` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին»:
Եվա Եգանյանը չի սահմանափակվում իր մասին հիշեցնել միայն տեսահոլովակներով: Առաջիկայում նա բազում ծրագրեր ունի: «Երբեք չեմ սահմանափակվել կամ սահմանափակվի որևէ նոր աշխատանքով: Առաջիկայում կան համերգներ, կթողարկվի իմ 1-ին ձայնասկավառակը: Նաև, պատրաստվում եմ նոր տեսահոլովակ թողարկել: Արդեն իսկ մտածում եմ մենահամերգի մասին սակայն հստակ ժամկետ կդժվարանամ նշել»,- եզրափակեց նա: