09/11/2015 12:06
«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնն ամփոփել է արդյունքները
«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ արդեն 8-րդ անգամ հանդիսատեսին է ներկայացել դասական երաժշտության բացառիկ ծրագրով, որը այս ոճի երաժշտության զարգացման և տարածման խնդրից զատ, նպատակ ունի համախմբելու արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին և նրանց ստեղծագործական ներուժն ու կարողությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի և հայ մշակույթի զարգացմանը: Փառատոնի՝ նոյեմբերի 7-ին կայացած եզրափակիչ համերգը խորհրդանշել է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:
8-րդ փառատոնը մեկնարկել էր ս.թ. հոկտեմբերի 19-ին և հայ հանդիսատեսին ներկայացել 5 համերգով: Փառատոնը նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության տասնամյակի կապակցությամբ՝ թողարկվել են սահմանափակ քանակությամբ մեդալներ, որոնք ընկերությունը շնորհում է հանրային բարօրության կերտմանն ուղղված նախաձեռնություններում նշանակալի ներդրում կատարած անհատներին: Բարձր գնահատելով «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի կողմից հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների և ուղղությունների արվեստագետների համախմբմանն ուղղված հետևողականորեն իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կարևորելով փառատոնի դերը միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման և ստեղծագործական միջավայր ստեղծելու գործում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «10 տարվա ընկերություն» մեդալով է պարգևատրել «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանին և հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանին:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է հասարակության բարօրությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու կարևորությանը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործունեության առաջին իսկ օրվանից սատարել է հասարակությանը՝ կայուն զարգացման նախադրյալներ ապահովելու նպատակով: Իրականացվել են համակարգային ծրագրեր՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:Ընկերությունը միայնակ չի եղել իր ստանձնած առաքելության իրականացման ճանապարհին: Տարիներ շարունակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողքին են եղել ընկերության արժեհամակարգը կիսող անհատներ և կազմակերպություններ՝ վերահաստատելով իրենց գործունեության ոլորտներում դրական փոփոխություններ և զարգացում ապահովելու պատրաստակամությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից խոր երախտագիտություն եմ հայտնում Մարիամ Շահինյանին և Գարիկ Նազարյանին՝ տարիների համատեղ հետևողական, նվիրված և արգասաբեր աշխատանքի համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի իրականացրած աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի նոր՝ «Վերադարձի» կվինտետ» երաժշտախումբը, որը հնարավորություն կունենա ներկայանալու նաև արտերկրում:
«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի համերգների ընթացքում հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյանը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/ Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյանը /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Տոմոկո Ակասական /ալտ, Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոնը /կոնտրաբաս, Ֆրանսիա/ Լուիզ Ժալյուն /բանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/:
Փառատոնին մասնակցել են այնպիսի երաժշտախմբեր, ինչպիսիք են Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան/, «Նաիրի» լարային կվինտետը /Ֆրանսիա/, «Տանգո Կարբոն» անսամբլը /Ֆրանսիա/: Առաջին անգամ հայ երաժշտասերներին ներկայացվել է «Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի» կվինտետը:
Ֆրանսիական «Տանգո Կարբոն» երաժշտախումբը ձևավորվել է 2012 թ.-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն /բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ և Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/, տանգոյի նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվել են` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ:
Տաղանդաշատ երաժիշտների շնորհիվ՝ երաժշտախմբի երգացանկն հարստացել է նոր և բազմազան ստեղծագործություններով, որոնք խմբի ինքնատիպ ստեղծագործություններում միաձուլում են ավանդական տանգոյի տարրեր:
Երկու տարի անց, ելույթ ունենալով Ֆրանսիայում («Տրիտոնում», «Պենիժ Օպերայում», Կոմեդիայի ազգային թատրոնում, «Լա Մալինում») և ձայնագրելով առաջին ձայնասկավառակը` նրանց փորձը հնարավորություն է տվել ստեղծելու իրենց սեփական ոճը` համատեղելով դասական և ռոք երաժշտությունը, քնարականությունը, առնականությունը և հումորը:
«Տանգո Կարբոնը» բազմիցս հրավիրվել է ջազային փառատոների. վերջին նվաճումներից արժանահիշատակը 2015-ին Ուկրաինայում ունեցած ելույթն էր՝ Հերբի Հենքոկի, Ուայն Շորտերի և Ջորջ Բենսոնի հետ նույն բեմում:
Յուրաքանչյուր համերգի ընթացքում «Տանգո Կարբոնը» ստեղծում է յուրահատուկ երաժշտական միջավայր` փորձելով տարանջատվել տանգոյի երաժշտության կարծրատիպերից:
Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող «Տանգո Կարբոն» անսամբլը /Ֆրանսիա/ ներկայացրել է համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, ինչն իրապես տոն է դարձել բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը և իր երաժիշտ գործընկերներն աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ են ունեցել Հայաստանում` եզրափակելով «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնը: