10/11/2015 20:38
Մեր ժամանակներում այդ տեղը շնորհված է ինչ-որ շոու-բիզնեսի. Ազատ Աբրահամյանն՝ իր լռության մասին
Երգիչ-երգահան, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը տևական ժամանակ է՝ չի երևում էկրաններին: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ տեղեկանալու, թե ինչո՞վ է պայմանավորված երկարատև լռությունը և արդյոք այսօր առավել երիտասարդ սերնդի մեջ նկատում է հեղինակ-կատարողների ակտիվություն: «Ցավոք, ինչպեսև շատերը, զբաղվում եմ ոչ իմ ցանկացածով: Հեղինակ-կատարողների առումով, ցավոք, ասելիքներ չունեմ, քանի որ իմ պատկերացմամբ՝ բոլորովին այլ բովանդակություն ունի այդ շնորհով օժտված մարդկանց առաքելությունը: Մեր ժամանակներում այդ տեղը շնորհված է ինչ-որ շոու-բիզնեսի…»,-մեզ հետ զրույցում նշեց Ա. Աբրահամյանը:
Նրա «Ծաղիկներ» երգը ժամանակին ամենահիթայիններից էր, հնչում էր ամենուր՝ տանը, ավտոմեքենայում, սրճարաններում և հեռուսաեթերներում: Նույնը կարելի է ասել նաև «Սյուզի», «Կապույտ-կապուտակ», «Հին իմ Երևան» կատարումների մասին:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք երգիչը մտածում է նմանատիպ մի նոր հիթ պատրաստելու ուղղությամբ: «Իմ ցանկությամբ չեն ծնվում նորերը: Դրանք գալիս են ինքնակամ: Որևէ երգ մյուսին չպետք է նմանվի՝ թեկուզ հիթ դարձնելու նպատակով: Հիթային կդառնա, թե ոչ, այդ մասին չես մտածում, երբ ստեղծում ես: Այստեղ է հենց հիթային դառնալու գաղտնիքը... Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործելուն, ապա երգեր կան, և տա Աստված, որ դեռ լինեն: Պարզապես մի առանձին տառապանք է և այն, երբ գրածդ երգերը մնում են անլեզու և անհնչյուն»,-անկեղծացավ մեր զրուցակիցը:
Քանի որ վերջին շրջանում շատ տիտղոսներ դարձել են անբովանդակ, հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերում շնորհվող վաստակավոր և ժողովրդական արտիստների կոչումներին. «Վաստակավոր-չվաստակավոր խաղեր չեմ խաղում, քանի որ այդ խաղը խաղում են ինձ անհասկանալի «խաղացողներ»: Իմ ուղեղն ինքն է ընտրում՝ ըստ իր արժեքային իմացության ու ճաշակի»:
Ի դեպ, երգիչն այսօր նաև պապիկ է և իր ազատ ժամանակի մի մասը հատկացնում է թոռնիկներին՝ որդու և դստեր զավակներին: «Ինչ-որ չափով բաժին հասնում է և խնամքին, կամ, ավելի ճիշտ իմ՝ նրանցով խնամվելս: Թոռնիկներս արդեն երկուսն են՝ երկու սքանչելի աղջիկներ»,-Aysor.am-ի հետ զրույցը ժպիտով եզրափակեց Ազատ Աբրահամյանը: