12/11/2015 14:27
Խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուներին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերը «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի շահառու երեխաներն էին։ Նրանց համար ներկայացվել է «Հույսի երաժշտություն» խորագրով համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչել են հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի երեխաների համար համերգային ծրագիրը կատարել են հենց երեխաները՝ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից:
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը երեխաները շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, Խաչատրյանի կյանքին, գործունեությանը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ շատ նախագծեր են կյանքի կոչել, երկար համագործակցության պատմություն ունեն, սակայն այս համերգն առանձնահատուկ է։ «Շատ կարևոր է, որ Հայաստանում կա փառատոն, կա հիմնադրամ, որոնք մտահոգ են մեր երեխաների ապագայով, ճակատագրով, և եթե դասական երաժշտությունը կարող է երեխաներին լույս բերել, մենք պատրաստ ենք պարգևել այդ լույսը»,- նշել է Սերգեյ Սմբատյանը։
Համերգի ընթացքում հնչել են Խաչատրյանի «Այսօր արգելված է զբոսնելը», «Ծննդյան օրը», «Երկու կռվարար կանայք», «Պար» և այլ գործեր։
Աղբյուրը հիշեցնում է, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։