12/11/2015 17:20
Վաչեն ՝ ժամանակակից երիտասարդ, Ռաֆոն՝ շաման, Արմուշն՝ անհաջող փեսա, Անատին՝ քարեդարյան «գլամուր» աղջիկ. Մանրամասներ նոր սիթքոմից
ATV հեռուստաընկերությունը շուտով հեռուսատադիտողի դատին կներկայացնի նոր՝ «Քարե դարդ» սիթքոմը, որը, ըստ նախնական տպավորությունների, որոշակիորեն կտարբերվի դաշտում տիրող մրցակիցներից: «Սիթքոմների մեջ «Քարե դարդը» բոլորովին նոր ֆորմատ է. հերոսն, ում մարմնավորում է Վաչե Թովմասյանը («Vitamin»-ի Վաչեն), մեր ժամանակներից տեղափոխվում է քարե դար և սկսում այնտեղ գործունեություն ծավալել: Ամեն օր մի նոր բան է սովորեցնում քարե դարի մարդկանց»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց սիթքոմի երկրորդ ռեժիսոր Գրետա Բարսեղյանը:
Նարահանվել են նաև «վիտամինցի» Արմուշը, Աննա Մանուչարյանը, Հակոբ Հակոբյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ռաֆայել Երանոսյանը: «Ռաֆայելը մարմնավորում է շամանին, Ռ. Ղևոնդյանը «վոժդն» է՝ ցեղի ղեկավարը, Արմուշը նրա փեսայի կերպարում է, ով այնքան էլ լավ չի կարողանում որս անել և անհաջող փեսա է, Աննա Մանուչարյանը հանդես է գալիս որպես Արմուշի կին, Անատի Սաքանյանն էլ «վոժդի» երկրորդ աղջիկն է, ով ավելի գլամուր է այդ ժամանակների համար…Ռեժիսորն է Վարդան Հակոբյանը, երկրորդ ռեժիսորն եմ ես, սցենարիստը երիտասարդ վիտամինցիներ Վանը և Գրիգն են»,-նշեց ռեժիսորը:
Բացի թեմատիկայից, ուրիշ ինչո՞վ կառանձնանա այս սիթքոմը մյուսներից հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր սիթքոմը կառանձնանա դերասանական լավ կազմով, լավ խաղով, առողջ հումորով և, իհարկե, ֆորմատով: Շատ սիթքոմներ են եղել ու կան, բայց ոչ քարեդարյան: Փորձել ենք առավելագույնս լավ անել, որպեսզի տարբերվի բոլորից»:
Ճիշտ և ժամանակին համահունչ տեսարաններ ստանալու համար հատուկ տաղավար է պատրաստվել հեռուստաընկերությունում, որը տևել է մի քանի ամիս: «Մենք տաղավարային բավականին բարդ պրոցես ենք անցկացրել, շատ դժվար է եղել ժայռերով ու քարերով նման տաղավար ստեղծելը»,- ասաց նա:
Հատուկ «Քարե դարդի» համար» նաև տեսահոլովակ է պատրաստվել, որը շուտով եթերում կլինի: Երգը կատարում է Սիլվա Հակոբյանը, հեղինակներն են Մանե և Էդգար Հակոբյանները: Տեսահոլովակում պարում է «Ամարաս» խումբը:
Ի դեպ, օրեր առաջ Aysor.am-ը զրուցել էր «32 թատրոնի» գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի հետ, ով մեզ պատմեց դեկտեմբերի 24-ին մեծ էկրան բարձրացող նոր արկածային-կատակերգական ֆիլմի մասին, որը վայրի ցեղի մասին է: Գ. Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք թեմատիկ որոշակի համընկնումը զուտ պատահականություն է. «Մենք բացարձակ տեղյակ չէինք իրենց ֆիլմից: Մենք մեզ համար առանձին երկար ու բարդ ճանապարհ ենք անցել, ուղղակի ժամանակները համընկել են: Կարծում եմ՝ նմանություններ չեք գտնի նայելուց հետո:
«Vitamin» ակումբի տղաները, կարծեք թե, այս անգամ էլ համախմբվել են ATV-ում: Արդյոք սա նշանակում է, որ «ակումբը» հեռուստատեսային տեղափոխության է ձգտում: «Մեզ մոտ ամբողջ կազմը չի, միայն Վաչեն և Արմուշն են: Իհարկե, հետագայի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց չեմ կարծում, թե նման միտում կա: Իրենք ուղղակի դերասաններ են, որոնց մենք ընտրել են: Այնպես որ, կկխնդրեի, այս երկուսն իրար չկապել»,-մեկնաբանեց նա:
Սիթքոմի մեկնարկի օրը սպասվում է նոյեմբեր ամսին, սակայն առավել ստույգ օր նշել մեր զրուցակիցը դժվարացավ: