12/11/2015 20:16
Լայանան՝ 30-ամյակի, նոր տուն տեղափոխվելու, դստեր առաջին նվերի և ընտանիքի համալրման մասին
Երգչուհին Լայանան այսօր դարձավ 30 տարեկան: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց, թե ի՞նչ միջավայրում և պայմաններում է անցկացնելու հոբելյանական տարեդարձը:
«Դեռ կեսգիշերից ինձ շնորհավորում են հարազատներս, ընկերներս ու գործընկերներս՝ ամբողջ աշխարհից: Քանի որ այնպես համընկավ, որ հենց այսօր որոշեցինք մեր նոր տուն տեղափոխվել՝ տարեդարձիս հետ կապված տոնախմբությունը չեղյալ հայտարարեցինք: Բայց ես և ամուսինս միասին կգնանք որևէ ռեստորան և հաճելի երեկո կանցկացնենք՝ ինչպես մեր հանդիպելու տարիներին: Իհարկե, շատերը մտածում են, որ «կլոր» տարիք է՝ 30-ամյակ, բայց ես այնքան էլ չեմ կարևորում ծննդյան խնջույքները: Իհարկե, մեր դստրիկին դայակի մոտ կթողնենք, քանի որ ուշ ժամ է և նա պետք է քնի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչո՞ւ են երիտասարդ ամուսինները որոշել նոր տուն տեղափոխվել և արդյոք դա ծնողներից առանձին ապրելու միտում ունի, երգչուհին պատասխանեց. «Մենք ի սկզբանե առանձին ենք ապրել, պարզապես որոշեցինք բնակարանից տեղափոխվել սեփական տուն: Այստեղ ավելի հարմարավետ է, առանձին ես հարևաններից: Նաև, սա ամուսնուս երազանքն էր ու նա ցանկացավ այդ երազանքն իրականացնել»:
Ի դեպ, նոր տունը կարելի՞ է նաև ծննդյան օրվա նվեր համարել, մեր դիտարկմանը հոբելյարը ժպտալով պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ: Իհարկե, նման նպատակ չկար, և այնպես չէր, որ տեղափոխման օրը հատուկ ենք ընտրել: Ուղղակի այդպես ստացվեց»:
Ինչ վերաբերում է օրվա ամենագեղեցիկ նվերներին ու անակնկալներին, ապա Լայանան հուզվել է 8 ամսական փոքրիկի՝ հենց այսօր առաջին անգամ ամենասպասված՝ «մամա» բառն ասելու հանգամանքից: Նվերների շարքում է գտնվում նաև նոր տան ննջասենյակի կահույք գնելը: «Ամուսինս իր Facebook-յան էջում շատ գեղեցիկ ու քաղցր շնորհավորանք է գրել՝ ուղղված ինձ: Բայց որպես նյութական նվեր՝ նրանից գումարն եմ ակնկալում»,- ծիծաղելով խոստովանեց երգչուհին:
«Ծննդյանս տորթը հենց հիմա սեղանին է, դեռ չեմ փչել մոմերը: Կարծում եմ` երազանքներիս մեծ մասն արդեն իսկ իրագործել եմ, բայց մեր նպատակն է՝ ընտանիքում ունենալ 3 բալիկ: Երբ աղջիկս մի քիչ մեծանա, կմտածենք այդ մասին»,-զրույցը եզրափակեց Լայանան: