13/11/2015 18:39
Աշոտ Ղազարյանը պատասխանում է իրեն «մեկուսացնողներին»
Երեկ համացանցում բոլորը քննարկում էին Աշոտ Ղազարյանի «մեկուսացման» մասին լուրերը: Aysor.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ տեղեկանալու, թե իսկապես, ի՞նչն է դերասանի էկրանային երկարատև լռության պատճառը: «Ափսոս, որ ես այդ աղջկա հեռախոսահամարը չգիտեմ, որ զանգահարեմ, ասեմ՝ մեկուսանալ բառն ուրիշ իմաստ ունի. մարդկանց մեկուսացնում, համակենտրոնացման ճամբարներում են պահում, երբ նրանք հանցանք են գործում: Կարելի էր գրել՝ ինչո՞ւ է լռում, կամ պասիվ է… Չգիտեմ, շատ ավելի հարմար ու ճիշտ բառեր կան»,-փոքր-ինչ վրդովված նշեց մեր զրուցակիցը:
Դրա հետ մեկտեղ՝ դերասանը հավելեց, որ ինքը բոլորովին էլ լուռ չէ, պարզապես էկրանից դուրս զբաղվածությունն է շատ մեծ. «Հենց հիմա այնքա՜ն զբաղված եմ, պատրաստվում եմ Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվելիք ելույթներիս: Ավելի շատ համերգային ծրագրերով դրսում եմ լինում, իսկ Հայաստանում գարնանից կսկսենք նոր ներկայացումներ պատրաստել: Նաև ասեմ, որ «Կենտրոն» հեռուստաալիքով իմ դպրոցի սաների հետ հաղորդում ունենք»:
Նախորդ տարիներին հեռուստադիտողը սովոր էր Աշոտ Ղազարյանին տեսնել Հանրային հեռուստաընկերության եթերում, և, հավանաբար, դա է պատճառը, որ նրա եթերային այսօրվա զբաղվածությունը աչքի չի ընկնում: «Այո, ես «Շաբաթ երեկոն» էի վարում, բայց հետո ասացին՝ իբր հաղորդումն իրեն սպառել է և նոր բան են ուզում սկսել: Երևի չեն կարողանում այդ նոր բանը գտնել, ես էլ դեռ չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել: Բայց այդ դադարը չի նշանակում, թե ես «մեկուսացել» եմ. տեսքս տեղը, առողջությունս տեղը, ես էլ բոյով սիրուն տղամարդ, ինչի՞ պիտի մեկուսանամ»,-ժպիտով անկեղծացավ նա:
Նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ արհեստավարժ հումորիստ-դերասանը չի ներգրավվում այսօր այնքան տարածում գտած կատակերգական ֆիլմերում ու սիթքոմներում և ի՞նչ կարծիքի է վերջին շրջանի հայկական ֆիլմերի մասին: «Եթե անկեղծ՝ շատ հրավերներ չունեմ, իսկ որտեղից էլ հրավեր եմ ստացել՝ ինձ դրանում չեմ գտել: Հենց այնպես չի կարելի առաջարկներն ընդունել: Ցանկացած կերպար մարմնավորելիս պետք է հասկանաս՝ դա քո՞նն է, ի՞նչ-որ բան ունի՞ ասելու քո հերոսը: Անձամբ ես, եթե զգում եմ, որ դա իմը չէ՝ հրաժարվում եմ: Իսկ ինչ վերաբերում է վերջին ֆիլմերի որակներին, ապա պետք է խոստովանեմ, որ չեմ նայել: Այնպես չի, որ արհամարհել եմ, ուղղակի ժամանակս չի ներել: Բայց միլիոնավոր կարծիքներ եմ լսել ու տպավորություններ…»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ա. Ղազարյանը: