13/11/2015 15:24
Կարծում եմ, բոլորովին անհումոր մարդը «կատաստրոֆա» է. Նարեկ Բավեյանն իր կերպարի և առաջիկա ծրագրերի մասին
Երգիչ Նարեկ Բավեյանին վերջին շրջանում առավել շատ հանդիպում ենք դերասանի կարգավիճակում՝ «Դոմինո» սիթքոմում՝ Նորիկի կերպարով: Թեև, սա երգչի դերասանական առաջին փորձը չէ, բայց որոշեցինք նրանից հետաքրքրվել, թե որքանո՞վ է իրեն գրավել այդ գայթակղիչ աշխարհը: «Այո, սա իմ ֆիլմային երկրորդ, և բեմական՝ 3-րդ աշխատանքն է: Չէ՞ որ որպես դերասան հանդես եմ եկել նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Ինձ շա՜տ է դուր գալիս այս աշխարհը, մեծ հաճույքով եմ աշխատում: Հատկապես, երբ կողքիս լինում է լավ թիմ, ռեժիսորներ, ովքեր կարողանում են ճիշտ ուղղորդել: Մեծ բավականություն եմ ստանում այս գործից, սիրով եմ անում գործս»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Կատակերգական ժանրում ներկայանալու համար, կարծում եմ, պետք է կյանքում էլ հումորից զուրկ չլինել: Արդյոք Ն. Բավեյանը հումորային մարդ է, հարցին՝ մեր ցուցակիցը պատասխանեց. «Եթե ասեմ, որ անընդհատ կատակող, հումորներ անող ու անեկդոտներ պատմող մարդ եմ՝ սուտ կլինի: Բայց սիրում եմ մտերմիկ ընկերական շրջապատում հումորներ անել, ընկերներիս կողմից լսել… Կարծում եմ, բոլորովին անհումոր մարդը «կատաստրոֆա» է: Ես ուրախ եմ, որ չլինելով «հումորային մարդ»՝ կարողանում եմ նման տպավորություն գործել: Նշանակում է, կերպարս ստացվել է»:
Դերասանի կարգավիճակում հանդես եկող երգչին խնդրեցինք լինել օբյեկտիվ և խոստովանել՝ նկարահանման հրապարակում քանի՞ «դուբլից» է ստացվում նկարահանվել. «Հավատացեք, մեծամասամբ հենց առաջին դուբլից: Դրա համար կարևոր նախապայման է նաև այն, որ տեքստը սովորած գաս նկարահանման հրապարակ: Այնուհետև պետք է ռեժիսորին ուշադիր լսես և անես այն, ինչ նա է թելադրում»:
Դեռևս նոր առաջարկներ չունի, սակայն հակառակ դեպքում էլ չի կարող ընդունել, քանի որ պայմանագիր ունի կնքած, ըստ որի՝ այլ նախագծում մասնակցելու իրավունք այս շրջանում չունի:
Ինչ վերաբերում է երաժշտական գործունեությանը, ապա երգիչը նշեց, որ այս պահին որևէ նոր գործ չի պատրաստվում ներկայացնել երկրպագուներին. «Նոր երգեր ունեմ, պարզապես դեռ դրանց կյանքի չեմ կոչում: Պատճառն այն է, որ այժմ ավելի շատ սիթքոմի աշխատանքներով եմ զբաղված, թող մի քիչ անցնի, հետո զուգահեռ նաև տեսահոլովակներ կպատրաստեմ»:
Թեև Նարեկ Բավեյանն իր ուրույն տեղն ունի շոու-բիզնեսի ասպարեզում և նրան որոշ չափով կարելի է կայացած երգիչների շարքին դասել, այնուամենայնիվ՝ մեծ չէ՞ այդ ոլորտում մոռացության մատնվելու վտանգը: «Նման մտավախություն բացարձակ չունեմ: Իհարկե, ես ինձ չեմ համարում շատ կայացած երգիչ, քանի որ շատ ճանապարհ ունեմ անցնելու: Բայց այնպես էլ չի՝ մեկ օրվա գործ եմ արել, որ ինձ միանգամից մոռանան: Ինքս էլ չեմ թողնի, որ բանը դրան հասնի»,-եզրափակեց մեր զրուցակիցը: