14/11/2015 16:32
Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը համերգով հանդես կգա Երևանում
Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: Նոյեմբերի 15-ին ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում վիրտուոզ ջութակահարը հանդես կգա նաև Երևանում, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Հիշեցնենք, որ փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նշենք նաև, որ լեգենդար ջութակահարը 2011թ.-ին դարձել է Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:
Լինելով «Սոնի քլասիք» ըկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-յի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորս եղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Բելի դիսկոգրաֆիան ներառում է ջութակի երկացանկի մեծ մասը: Բելը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝ Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս,Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք և Ջոն Կորիլիանոյի օսկարակիր «Կարմիր ջութակ» , Նայջել Հեսի երաժշտությունը՝ «Մանուշակագույն հագած կանայք» ֆիլմում: