16/11/2015 14:24
Նոր կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսը Արամ MP3-ն է
«Վիտամին» ակումբի վերջին շրջանի պասիվությանը զուգահեռ «վիտամինցիներն» առավել ակտիվացան ֆիլմարտադրության մեջ: Aysor.am-ը տեղեկացավ, որ բացի Գարիկից, Արմուշից ու Վաչեից՝ Արամ MP3-ը ևս իր ուժերը փորձում է գեղարվեստական ֆիլմում: «Այո, նոր կատակերգական ֆիլմ է նկարահանվում, որտեղ մարմնավորում եմ գլխավոր հերոսին: Բայց ֆիլմի մասին առաջիկայում մանրամասնել չեմ կարող: Միայն կասեմ, որ առաջին անգամ եմ նկարահանվում ֆիլմում, և պետք է խոստովանեմ, որ հեշտ աշխատանք չէ, շատ դժվարություններ եմ ունենում: Սա ինձ համար մի քիչ այլ աշխարհ է, բայց երկար եմ աշխատել ինքս ինձ վրա՝ փորձելով առավելագույնս լուրջ վերաբերել այս գործին»,- մեզ հետ զրույցում նշեց հումորիստ-երգիչը:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ բավականին հետաքրքիր և ուրախ ֆիլմ է լինելու, ցանկացած հային հետաքրքրող ֆիլմ: Այն հարցին, թե արդյոք «վիտամինցիների» ֆիլմային ներգրավվածությունը միտումնավոր է՝ Արամ MP3-ը ժպիտով պատասխանեց. «Ոչ, ուղղակի պատահական այսպես ստացվեց: Այնպես չի, որ ի սկզբանե պայմանավորվել ենք: Գուցե ժամանակի պահա՞նջն էր. «Վիտամինի» դադարը ստեղծեց հնարավորություն՝ մասնակցել նաև այլ նախագծերի, այլ բնագավառներում հանդես գալ»:
Ծանոթ լինելով Արամի տաղանդավոր էությանը՝ մեծ են սպասելիքները, որ նրա դերակատարմամբ նկարահանվող նոր ֆիլմը արդարացված կլինի և կառանձնանա հայկական կատակերգական կինոշուկայում: