17/11/2015 20:30
Արփինե Իսրայելյանն՝ էկրանային լռության և նոր գործունեության մասին
Դերասանուհի Արփինե Իսրայելյանն, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է մի շարք սերիալներից, տևական ժամանակ է՝ էկրանային լռություն է պահպանում: Aysor.am-ը հետաքրքրվեց պասիվության դրդապատճառների մասին: «Ճիշտն ասած՝ վերջին շրջանում ինձ հետաքրքրող առաջարկներ չեմ ստացել, և հետո, հիմա ավելի շատ ուզում եմ զբաղվել դիմահարդարմամբ, ինչի նկատմամբ սերը վաղուց եմ ունեցել: Նույնիսկ սովորել եմ, պարզապես վերջին ամիսներին հետաքրքրությունս մեծացավ: Ըստ իս, դիմահարդարումն էլ արվեստի մի ճյուղ է, շատ գեղեցիկ ճյուղ»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Դերասանուհին որևէ սրահում չի աշխատում, կանանց ու աղջիկներին գեղեցկացնելու իր առաքելությունն իրականացնում է տնային պայմաններում. «Ինձ այդպես ավելի հարմար է: Իմ այցելուներն ինչպես հայտնի, այնպես էլ սովորական քաղաքացիներ են: Բայց դա ինձ համար նշանակություն չունի, բոլորն էլ իմ ընկերներն են»:
Արդյոք հայտնի դիմահարդար ունենալը թանկ հաճույք է հարցին, դերասանուհին ժպիտով պատասխանեց. «Ես կասեի ընդհակառակը, որովհետև ես դա առաջնահերթ կատարում եմ ոչ թե գումար աշխատելու, այլ՝ իմ հաճույքի համար: Այնպես եմ արել, որ այս ծառայությունը բոլորի համար մատչելի լինի»:
Թե ինչպե՞ս պետք է ցանկացողները գտնեն Արփինե Իսրայելյանին՝ մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել: Միայն վստահեցրեց, որ ցանկացողներն անպայման իրեն գտնում են ու հրավիրում. «Ես մեծամասամբ հրավերով եմ աշխատում: Իսկ իմ տանն ընդունում եմ միայն մտերիմներիս և հարազատներիս: Քանի որ դեռ նոր եմ այս «շուկա» մուտք գործում, գլոբալ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի մարդիկ կարողանան ինձ գտնել: Սակայն շուտով իմ ինստագրամի և Facebook-յան էջերում տվյալներս կնշվեն, ինչի միջոցով կկարողանան ինձ գտնել»:
Դերասանուհին ընդգծեց, որ իր նոր հետաքրքրությունն իրեն չի կարող շեղել մասնագիտական ոլորտից. «Սա ինձ ավելի շատ օգնում է, քանի որ հաճախ ինքս եմ իմ դիմահարդարումն անում նկարահանման ժամանակ, նաև, եթե կարիք է լինում և ժամանակ եմ ունենում, մյուս դերասաններին ևս դիմահարդարում եմ»: