19/11/2015 20:15
«Մի քիչ բութ առաքիչ». Նոր սիթքոմ՝ Կենտրոն հեռուստաընկերության եթերում
Դերասան Արմեն Դալլաքյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է մի շարք սերիալներից և ֆիլմերից, տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ արդեն բավական ժամանակ է՝ Կենտրոն հեռուստաընկերության նոր սիթքոմում է նկարահանվում: Ի դեպ, նա նաև Սունդուկյան թատրոնի կազմում է ընդգրկվել: «Նոր սիթքոմը շաբաթ և կիրակի օրերին է: Կոչվում է «Մի քիչ բութ առաքիչ»: Այն երկու ընկերների՝ Էրիկի (Արմեն Դալլաքյան) և Արմանի (Արման Նավասարդյան) մասին է: Նրանցից մեկը կոնսերվատորիան է ավարտել, բայց աշխատանք չունենալու պատճառով երկու ընկեր որոշում են «զուգարանի թուղթ» առաքել… Ու հենց այստեղից էլ սկսվում են ընկերների արկածները»,-մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նշված հեռուստաընկերության պատմության մեջ սա առաջին սիթքոմն է. «Այո, համաձայն եմ Ձեզ հետ և կարծում եմ, որ այն բավական մեծ ռեյտինգ ապահովեց նաև հեռուստաընկերությանը: Նշեմ, որ նկարահանվել են նաև Սամսոն Ստեփանյանը և Ջուլիետա Բաբայանը»:
Մեր այն դիտարկմանը, որ մինչ այս նրան հեռուստադիտողը հանդիպում էր դրամատիկ կերպարներում և արդյոք դժվար չէր ժանրային նման փոփոխությունը, մեր զրուցակիցը մանրամասնեց. «Անկեղծ ասած՝ երբ առաջարկ ստացա հանդես գալ հումորային ծրագրում, երկմտում էի՝ մտածելով, որ չեմ կարող «տանել»: Բայց երբ սցենարը կարդացի, հասկացա, որ կարող եմ նաև այս ժանրում խաղալ: Իհարկե, շնորհակալ եմ խաղընկերներիս, որ ինձ օգնեցին և աջակցեցին: Հուսով եմ, կերպարս ստացված է: Ի վերջո, դերասանի համար կապ չունի, թե ինչ կերպար է, ցանկացած իրավիճակում, ժանրում պետք է իրեն գտնի»:
Ի դեպ, Արմեն Դալլաքյանը արդեն իսկ առաջարկ ունի հանդես գալ երկու գեղարվեստական ֆիլմերում, որոնց նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի: