19/11/2015 19:13
Կարծում եմ՝ դեռ կլինի «Որոգայթ 2», «Որոգայթ 3». Ստեփան Ղամբարյանն՝ իր կերպարի և այսօրվա պրեմիերայի մասին
Այսօր մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը: Aysor.am-ը պրեմիերային ընդառաջ զրուցել է առանցքային կերպարներից Տիկոյին մարմնավորող Ստեփան Ղամբարյանի հետ: Որքանո՞վ «նոր Տիկոն» կտարբերվի սերիալային հերոսից: «Կարծում եմ, կտարբերվենք լիովին՝ տեսակով, բնույթով, մտածելակերպով: Ֆիլմում մոտեցումը մի քիչ այլ է: Նախորդ կերպարն էլ հետաքրքիր էր, և, կարծում եմ՝ սիրված: Թե որքանով ինձ կհաջողվի համոզել, որ ես էլ այս տարբերակում հետաքրքիր ու լավն եմ՝ կերևա այսօր: Հուսով եմ՝ կարդարացնեմ սպասումներն՝ իմ առջև դրված խնդիրներին լուծում տալով»,-մեզ հետ զրույցում նշեց նա:
Սերիալային տարբերակում Տիկոյին պասիվ դեր էր վստահված, ինչը, ըստ իս, Ստեփան Ղամբարյանի բնույթից չի բխում: Մեր այն հարցին, թե արդյոք իր մարմնավորած հերոսը ևս պասիվ դերակատարում ունի՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, Ձեր հարցը լսելով՝ մտաբերեցի, որ իսկապես, իմ սցենարում հենց այդպես էլ գրված էր: Ու ես խաղի ընթացքում միշտ մտածում էի՝ ինչո՞ւ է իմ հերոսն այսքան պասիվ: Բայց ասեմ, որ ակտիվ կերպարում չլինելով հանդերձ, հիմնականում բոլոր տեսարաններում կամ: Համենայնդեպս, ես գոհ եմ այն աշխատանքից, ինչ կատարել եմ»:
Ս. Ղամբարյանը խոստովանեց, որ ի սկզբանե իրեն այլ կերպար էր վստահված, հետագայում այլ բան առաջարկվեց: Ի դեպ, նա ժամանակին հետևել է սերիալին և, ինչպես ինքը կատակեց՝ հավատում է, որ ցանկություններն իրականություն են դառնում: «Ես բավական հաճախ հետևում էի «Որոգայթ» սերիալին ու միշտ մտածում էի՝ բայց ինչո՞ւ ինձ չեն նկարում այս ֆիլմում, այնտեղ միայն ես եմ պակասում (ծիծաղում է): Փաստորեն, այնքան մտածեցի՝ նպատակս իրականացավ… Ինչ վերաբերում է կերպարիս, ապա Ռոմանն (ռեժ. Ռոման Մուշեղյան) ինձ սկզբում այլ դեր տվեց, եթե չեմ սխալվում՝ Ռազոյի կերպարը, բայց հետո զանգահարեց ու ասաց, որ որոշել է իմ դերը մեծացնել: Ճիշտն ասած՝ ուրախացա, որ հենց այս կերպարն ինձ տրվեց: Հուսով եմ, հետագայում ավելի կակտիվանամ»,-ակնարկեց մեր զրուցակիցը:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը շարունակական բնույթ կունենա, Ս. Ղամբարյանը նշեց. «Կարծում եմ՝ դեռ կլինի «Որոգայթ 2», «Որոգայթ 3», քանի որ սա կայացած ու հետաքրքիր պրոյեկտ է»:
Ֆիլմում նրա անմիջական խաղընկերներն են Հարություն Մովսիսյանը, Գրիշա Աղախանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արմեն Սողոյանը… Պրեմիերային ընդառաջ՝ մեր զրուցակցի բարձր տրամադրությունը նկատելի էր: «Շատ ուրախ եմ, ոգևորված, սա ինձ համար իսկապես իրադարձություն է, որովհետև այսօրվան անհամբերությամբ եմ սպասել: Կարծում եմ, դահլիճից բոլորս՝ հանդիսատես, թե դերասան, լավ ու դրական լիցքերով դուրս կգանք: Ինքս այնտեղ կլինեմ կնոջս ուղեկցությամբ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ստեփան Ղամբարյանը: