20/11/2015 19:55
Ես սերիալում ավելի խիստ էի, «չոր», բայց այստեղ մեղմացել էի. Հարություն Մովսիսյանը՝ «Որոգայթ» ֆիլմի մասին
Երեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Որոգայթ» քրեական-դրամատիկ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որտեղ ևս, ինչպես համանուն սերիալում, գլխավոր դերում հանդես էր գալիս Հարություն Մովսիսյանը: Ի դեպ, հատկանշական է, որ ֆիլմի՝ անգամ էպիզոդիկ ու «աննկատ» կերպարներում նկարահանվել էին պրեֆեսիոնալ արտիստներ:
Aysor.am-ը պրեմիերայի ավարտից անմիջապես հետո զրուցեց հասուն տարիքում Հովիկին մարմնավորող Հարություն Մովսիսյանի հետ՝ առաջարկելով հայտնել տեսակետ ոչ որպես գլխավոր դերակատար, այլ` որպես հանդիսատես: «Առհասարակ, ես այն դերասաններից եմ, ովքեր երբեք իրենցից գոհ չեն լինում: Միշտ ինչ-որ թերություն են գտնում: Բայց հետո սկսում եմ կամաց-կամաց վելուծել, գտնել թերացումները, որպեսզի հաջորդ ֆիլմի ժամանակ ավելի լավ աշխատեմ… Եվ այդպես անդադար…Թեև, երկար մտածելուց հետո սկսում եմ ինձ արդարացնել՝ հասկանալով, որ ավելին չէի կարող, դա իմ ամբողջ հնարավորությունն էր: Այնպես չի, որ ես կիսատ-պռատ եմ խաղում դերս, ես ամբողջովին եմ մտնում կերպարներիս մեջ»,-մեզ հետ զրույցում խոստովանեց նա:
Արդյոք «Որոգայթ» սերիալից հետո տարիների ընթացքում «Հովիկի» մտածելակերպը փոփոխության էր ենթարկվել թե ոչ հարցին դերասանը պատասխանեց. «Այո, ես սերիալում ավելի խիստ էի, «չոր», բայց այստեղ մեղմացել էի: Իհարկե, ֆիլմում տեղ գտած շատ հատվածներ վերցված էին սերիալից, բայց նաև շատ նորություններ կային: Շատ լավ հատված է, որ Հովիկը դեռևս 7-8 տարեկան հասակում բակում պաշտպանում է իր ընկերներին, թույլ չի տալիս թույլերին նեղացնել: Սա մտածված հերոս է, որը սովորեցնում է, որ բարության, համարձակության, հզորության մեջ մենք՝ տղամարդիկս, կարողանանք ամուր ոտքերի վրա կանգնել, և ոչ-թե ինչ-որ մեկից կախված լինելով՝ խոնարհվենք: Մեր տղամարդիկ պետք է ավելի ու ավելի հզոր լինեն, ինքնուրույն: Ի վերջո մի կյանք է, ոչի՛նչ, այն կարելի է կորցնել մեծ նպատակների համար»:
Ֆիլմի վերջում հանդիսատեսից շատերի մոտ շատ բացեր մնացին, հարցեր առաջացան. արդյոք այդ հարցերի պատասխանները կգտնենք «Որոգայթ 2»-ում, թե՞ այս ֆիլմով ավարտվեց «Որոգայթի» առաքելությունը:
«Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ նման խոսակցություններ չեն եղել: Հավանաբար, պետք է հետագայում քննարկվի, թե ինչքանով է նպատակահարմար: Բայց մի գաղտնիք կբացեմ. մտածում ենք շատ լավ, «ուժեղ» կոմեդիա նկարահանել, որտեղ ես գլխավոր դերում հանդես կգամ»,-ժպիտով բացահայտեց դերասանը: