21/11/2015 17:13
Պետք է հիշել, որ այս ժանրը դինամիկա է ուզում. Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը՝ «Որոգայթ» ֆիլմի մասին
Նոյեմբերի 19-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիսատեսը լարված սպասման մեջ էր: Մի մասին այստեղ բերել էր հետաքրքրությունը, մի մասին էլ՝ նախորդ տարիների կարոտը: Այն, որ «Որոգայթ» սերիալը իր ժամանակի ամենառեյտինգային նախագծերից էր, փաստել են վարկանիշը գնահատող մի շարք կառուցներ, իսկ թե որքանո՞վ կարելի է ստացված համարել համանուն գեղարվեստական ֆիլմը, պրեմիերայի ավարտից անմիջապես հետո որոշեցինք ճշտել ֆիլմին ներկա ճանաչված ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հրանտ Մովսիսյանից:
«Ես ժամանակին սերիալը չեմ նայել: Կարծում եմ՝ այսօր նկարահանվող քրեական ֆիլմերի տեխնոլոգիան մի քիչ պետք է փոխել: Այս ֆիլմում օպերատորը շատ լավ աշխատանք էր կատարել, սակայն ինձ համար նկատելի էր, որ մոնտաժի պակաս, ձգվածություն և տեքստային լիություն կար, ինչը պետք չէր, քանի որ շատ դեպքերում ֆիլմը դիտելիս խիտ տեքստը խանգարում է: Վերջին շրջանում մեծամասամբ նկարահանվել են հումորային ֆիլմեր, մելոդրամաներ գոյություն չունեն, «կրիմինալ» ֆիլմերը նորից գլուխ են բարձրացնում և պետք է հիշել, որ այս ժանրը դինամիկա է ուզում: Այստեղ ինձ համար այդ դինամիկայի պակասը կար: Կարծում եմ՝ կգա ժամանակ և մոտեցումը կփոխվի»,-Aysor.am-ի հետ զրույցում նկատեց ռեժիսորը:
Թեև մեր զրուցակիցը չպնդեց, որ ֆիլմը նմանեցվել է Կոպպոլայի ֆիլմերին, բայց ընդգծեց, որ գեղագիտական առումով հեռու չէ. «Այս ֆիլմում ևս դրամատիզմ կա, մարդկային մոտեցում, բայց, օրինակ, անհասկանալի է մնում՝ սա Երևա՞նն է, թե այլ քաղաք… Մի տեսակ խառը բան կար: Եթե պատմություն է, ապա պետք է իրական դեպքի, հիմքի վրա կառուցվի: Բայց կրկին ուզում եմ շեշտել օպերատորի լավ աշխատանքը, շատ սիրուն էր նկարած»:
Հրանտ Մովսիսյանը դերակատարների առումով ևս նկատողություններ ուներ, սակայն չհերքեց, որ նաև հրաշալի ընտրություն էր կատարվել. «Հիացած եմ Միրոյի դերակատարի՝ Արթուր Դարբինյանի խաղով, Ռուդոն (Ռուդոլֆ Ղևոնդյան) իր դերի մեջ էր, լավն էր, ուղղակի քաշով մի քիչ ծանր էր (ժպտում է)… Աղջիկներից, ճիշտն ասած, ավելի շատ սպասելիքներ ունեի»:
Այնուամենայնիվ, ռեժիսորը նշեց, որ նախագիծը ստացվել է և հավելեց. «Շատ լավ է, որ պրեմիերաների շարք է սկսվում վերջին շրջանում: Սա նոր քայլ է, կինոյի մշակույթ, որը մահանում էր… Այժմ կարելի է գալ, շնորհավորել, նայել ու քննարկել: Արդյունքում՝ մյուս ֆիլմը կարող է էլ ավելի ուժեղ լինել: Շնորհավորում եմ և՛ մեր հանդիսատեսին, և՛, իհարկե, «Որոգայթի» ստեղծագործական խմբին»: