26/11/2015 15:22
ԲՀԿ. Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իշխանության ընտրություն չէ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, որի շրջանակում այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վանաձոր քաղաքում:
ԲՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ առաջարկվող նախագծի հիմնական դրույթները ներկայացնելուց բացի՝ ԲՀԿ ներկայացուցիչները պատասխանել են նաև վանաձորցիների բազմաթիվ հարցերի, որոնց վերաբերյալ հանրության շրջանում որոշակի թյուրըմբռնում կա։ Նշվել է, որ առաջարկվող նախագիծը ընտրություն չէ ընդդիմության և իշխանության միջև, ինչպես նաև՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իշխանության ընտրություն չէ, ինչպես փորձ են անում ներկայացնել որոշ քաղաքական ուժեր։ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այսօր առաջարկվող նախագծի բազմաթիվ հիմնարար դրույթներ դեռ 2007 թվականից ամրագրված են ԲՀԿ ծրագրում, և երկրում անցնցում իշխանության փոփոխության իրավական ճանապարհը առաջարկվող փոփոխությունները պաշտպանելն է։
Վանաձորցիների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկեցին նաև երկրի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։