26/11/2015 10:14
Իր արցունքներն ինձ թույլ չէին տալիս ավարտել խոսքս. Տիգրան Ներսիսյանը Վարդուհի Վարդերեսյանի մասին
Հայկական թատերական գոհարներից ևս մեկը պակասեց մշակութային շղթայից. կյանքից հեռացավ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ում տեղը բեմում դեռ երկար բաց կմնա: Aysor.am-ը շարունակում է ներկայացնել դերասանուհու գործընկեր-ընկերների հուշերը վերջինիս մասին: «Սա մեծ ցավ, մեծ կորուստ է անձամբ ինձ համար, համոզված եմ՝ նաև ողջ հայության համար: Մեր մեծերից ամենաշատն աշխատել եմ տիկին Վարդուհու հետ. միասին նույն բեմում ենք եղել, հեռուստատեսությունում և կինոյում աշխատել: Միայն հաճույք կարելի էր ստանալ այդ հզոր արտիստուհու հետ աշխատելու ընթացքից: Նուրբ զգացողությունների տեր մարդ էր, պահանջկոտ էր և՛ իր, և՛ դիմացինի նկատմամբ»,-մեզ հետ զրույցում նշեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը:
Դերասանը վերհիշեց իրենց՝ միասին անցկացրած վերջին միջոցառումը, որտեղ գերակշռում էին հուզախառն արցունքներն ու բարձր ծափահարությունները: «Իրեն նվիրված վերջին հոբելյանական երեկոյին իր համար «Հին աստվածներից» աբեղայի մենախոսությունը կարդացի. իրեն էի ուղղել՝ փոխելով բառերը… Իր արցունքներն ինձ թույլ չէին տալիս ավարտել խոսքս… Սակայն իմ մեջ ուժ գտա և ավարտելով վերջին բառերը՝ ողջագուրվեցինք հանդիսատեսի բուռն ծափերի ներքո, իհարկե՝ ուղղված մեծ դերասանուհուն: Ձեր ծափերը երբե՛ք չեն դադարելու տիկին Վարդուհի ջան: Գնաք բարով»,-հուզմունքով եզրափակեց իր խոսքը Տիգրան Ներսիսյանը: