26/11/2015 16:11
Ռուբեն Հայրապետյան. Հավաքականում ֆուտբոլիստ կա՝ պարտությունից հետո բերանը մինչև ականջները բացած ժպտում է
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հարցուպատասխան է ունեցել լրագրողների հետ: Մասնավորապես նա անդրադարձել է հավաքականում ստեղծված իրավիճակին՝ մարզիչների ու ֆուտբոլիստների նվիրվածությանը:
«Ֆուտբոլիստներ կան, ում թվում է առանց մարզման, կես ուժով կարող են խաղալ: Մեկ ֆուտբոլիստի պատճառով խաղային փիլիսոփայություն է փոխվում: Ֆուտբոլիստ կա, ով պարտությունից հետո բերանը մինչև ականջները բացած ժպտում է... ինչի՞ վրա է ժպտում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանն՝ ընդգծելով, որ նման խաղացողները չպետք է տեղ գտնեն հավաքականում:
Անդրադառնալով հավաքականի վերջին տարիների մարզիչներին՝ Ռուբեն հայրապետյանը նշել է, որ Բերնար Շալանդի օրոք նվազել է թիմի կարգապահությունը, իսկ Սարգիս Հովսեփյանն այդ առումով ավելի խիստ է.
«Շալանդի ժամանակ օրինակ Յուրա Մովսիսյանն ասում էր այս մարզումն անցկացնեմ, մյուսը՝ ոչ, և այլն: Շալանդի մարզումներին քիչ էր մնում Յուրան մեքենայով խաղադաշտ մտներ ու այսքանից հետո ինձ մեղադրում են, որ միջամտել եմ հավաքականի գործերին. երբեք չեմ արել դա: Այո, ասել եմ իմ կարծիքը, ինչպես ֆուտբոլիստներն ու լրագրողները»,- ասել է ՀՖՖ նախագահը՝ հայտարարելով՝ միթե խաղաշապիկը հագնելուց հետո չնվիրվելը դավաճանություն չէ՞: