27/11/2015 18:35
Արամն ընտրյալ ուներ ու պատրաստվում էր ընտանիք կազմել. «Որոգայթ» սերիալի Գարիկի ընկերը նրա ամուսնության ու նպատակների մասին
«Որոգայթ» սերիալից հայտնի Արամ Միսկարյանը այս տարվա նոյեմբերի 29-ին կդառնար 42 տարեկան, եթե չլիներ չարաբաստիկ 22.06.2009-ը…
Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ուներ Արամը, ովքեր էին նրա ընկերները, և ի՞նչպես կընկալվի նոր՝ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմն առանց Գարիկին մարմնավորող Արամ Միսկարյանի. Aysor.am-ը զրուցել է Արամի մտերիմ ընկեր, գործընկեր Արթուր Թադևոսյանի հետ:
-Արթուր, վաղուցվա՞ ընկերներ էիք Արամի հետ:
-Նրան ճանաչում եմ 1992 թվականից, միասին էինք մարզվում: Շատ լավ սպորտսմեն էր, բազում հաղթանակներ ուներ: Սկզբնական շրջանում, քանի որ նա շատ էր շրջագայում աշխարհով, երկար ժամանակով էր լինում արտերկրում՝ շատ չէինք շփվում: Սակայն 2007 թվականից սկսեցինք ավելի մոտ ընկերություն անել, ամբողջ օրը միասին էինք անցկացնում:
-Ինչպիսի՞ ընկեր էր, ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրություններ ուներ:
-Շատ լավ ընկեր էր, բոլորին հասնում, օգտակար էր լինում ամեն հարցով, նաև՝ խելացի խորհուրդներով: Շատ էր սիրում գիրք կարդալ, հոգեբանություն էր ուսումնասիրում: Սպորտին էր շատ նվիրված, իր առաջին աշխատանքը համարում էր երեխաներին մարզելը, հետո նոր՝ նկարահանումները:
-Օրեր առաջ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կայացավ, որի համանուն սերիալում նա մարմնավորում էր «Գարիկին»: Ի՞նչ եք կարծում, ֆիլմը կընկալվի՞ առանց Արամ Միսկարյանի: Ի դեպ, այստեղ Գարիկին մարմնավորում է Գրիշա Աղախանյանը:
-Ըստ իս՝ չի ընկալվի այնպես, ինչպես իրենց խաղը: Արամն ու Գեղամը (սերիալում Գոքորի դերակատար Գեղամ Խանդիլյան) հանրության մեջ մնացել են որպես Գարիկ ու Գոքոր ու ոչ-մի դերասան չի կարող զբաղեցնել այդ տեղը: Եվ Գրիշա Աղախանյանը և Սոս Ջանիբեկյանն իրենց ոճով կխաղան: Չեմ ասում, թե վատ կխաղան, երկուսն էլ փորձառու ու սիրված դերասաններ են: Ուղղակի Գարիկ ու Գոքոր չեն կարող մարմնավորել:
-Ցանկություն կա՞ ֆիլմը դիտելու:
-Իհարկե, նման ցանկություն ունեմ ու վստահ եմ, որ շատ լավ է ստացվել նաև գեղարվեստական տարբերակը, քանի որ անձամբ ճանաչում եմ ռեժիսոր Ռոման Մուշեղյանին և սցենարիստ Հարություն Ղուկասյանին: Նրանք իրենց գործի վարպետն են:
-Երբ առաջարկ էր ստացել նկարահանվել «Որոգայթում», ի՞նչ զգացողություններ ուներ: Կիսվե՞լ է Ձեզ հետ:
-Գիտեք, Արամը ֆիլմում նկարահանվելու փորձ ուներ դեռ 90-ականներից: Այն ժամանակ նկարահանվել էր Գոռ Վարդանյանի ֆիլմերից մեկում: Սկզբում չէր մտածում, որ ճանաչված կդառնա որպես դերասան: Պարզապես, նա իր յուրաքանչյուր աշխատանք գերազանց էր անում ու դրա արդյունքում էլ ճանաչվեց ու շատ սիրվեց հանրության կողմից:
-Ավտովթարից որքա՞ն ժամանակ առաջ եք նրան հանդիպել:
-Այդ չարաբաստիկ օրվա նախորդ օրը՝ մինչև ուշ գիշեր միասին ենք եղել: Պայմանավորվեցինք՝ առավոտյան հանդիպել ու գնալ մեր գործերով: Բայց այնպես էր ստացվել, որ այդ օրը Գեղամն իրեն զանգել ու ասել էր, որ իրենց հրավիրել են Հոկտեմբերյան՝ խնջույքի: Մոտ 10 անգամ օրվա մեջ հեռախոսով զրուցել ենք, մեր վերջին հեռախոսազրույցը եղել է այդ դեպքից 5 րոպե առաջ…
-Արամը և Գեղամը մտերի՞մ էին, նրանց կարելի՞ էր ընկերներ կոչել:
-Իհարկե, ընկերներ էին: Այդ դեպքից մոտ երկու ամիս առաջ սկսեցին ավելի շատ շփվել, շատ էին մտերմացել:
-Ընդհանրապես, ովքե՞ր էին Արամ Միսկարյանի ընկերները: Ինչպիսի՞ն էր ընկերական շրջապատում: «Քեֆերի», խնջույքների սիրահա՞ր էր:
-Անուններ չեմ տա, բայց Արամը ընկերներ շատ ուներ՝ տարբեր բնագավառներից: Խնջույքների մասնակցել շատ էր սիրում: Իր հետ շփվելը հետաքրքիր էր, շատ հումորով էր, ուրախացնում էր բոլորին: Հետաքրքիր էր իր մտքերն ու խորհուրդները լսել…
-Փաստորեն, սիրո՞ւմ էր ընկերներին, շրջապատի մարդկանց խորհուրդներ տալ:
-Անիմաստ տեղը խորհուրդներ չէր տալիս, բայց երբ իրենից խորհուրդ էին հարցնում, սիրով էր օգնում իր ճիշտ ու գրագետ խորհուրդներով: Ասեմ, որ շատ էին հարցնողները, հաճելի ու հետաքրքիր էր իրեն լսելը: Շատերն, ովքեր տղաների հուղարկավոությանն էին եկել, ասում էին, որ իրենց բախտ է վիճակվել Արամի հետ շփվել թեև 5 րոպե, սակայն այնպես էին զգում, կարծես վաղեմի ընկերոջ են կորցրել:
-Արթուր, հավանաբար, Ձեզ հետ կիսված կլինի իր ծրագրերի, նպատակների մասին…
-Արամը ծրագրել էր մեծ ակադեմիա հիմնել, որտեղ կանցկացվեին դերասանական դասընթացներ, կինոնկարահանումներ, նաև՝ սպորտային դասեր: Նա այդ ժամանակ ղեկավարում էր «Մուայ թայ» ֆեդերացիան, ինքը ֆեդերացիայի նախագահն էր, ես էլ՝ փոխնախագահը: Իրար հետ արդեն որոշել էինք այդ ծրագիրն իրականացնել:
-Երևանի՞ց էր:
-Այո:
-Խոսակցություններ կային, որ Արամը սիրած աղջիկ ուներ և պատրաստվում էր ընտանիք կազմել: Նման բան կա՞ր:
-Այո, իսկապես Արամն ընտրյալ ուներ ու պատրաստվում էր ընտանիք կազմել:
-Ո՞վ էր նրա ընտրյալը: Տեղյա՞կ եք, այժմ ինչով է զբաղվում, արդյոք Արամի հարազատների հետ շփվում է:
-Այդ աղջիկն ապրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում: Շատ լավ, խելացի աղջիկ էր, և որ ամենակարևորն է՝ հասկանում էին միմյանց: Ցավոք, նրանք իրական կյանքում իրար այդպես էլ չտեսան, քանի որ իրենց շփումը միայն հեռախոսով և սկայփով էր: Ամեն օր, ամեն ժամ խոսում էին իրար հետ: Արամը մի քանի օրից պատրաստվում էր մեկնել ԱՄՆ` հանդիպելու իր ընտրյալին. կամուսնանային, ընտանիք կկազմեին: Ցավոք՝ չեղավ… Այդ աղջիկն Արամի հուղարկավորումից մի քանի օր անց եկավ Հայաստան ու ցավոք՝ միայն շիրիմը տեսավ: Արդեն մի քանի տարի է, նրա հետ կապ չենք պահպանել, իրենից այլ տեղեկություններ չունեմ:
-Իսկ Արամի ընտանիքը Հայաստանո՞ւմ է ապրում:
-Այո, նրանք Հայաստանում են բնակվում: Արամը մայր, քույր ու եղբայր ունի:
-Կյանքում չհանդուրժո՞ղ էր, թե՞ ավելի խաղաղասեր:
-Շա՜տ խաղաղասեր էր, բայց անարդարությունն ու դավաճանությունը չէր հանդուրժում՝ ով էլ լիներ դիմացինը:
-Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 29-ին Արամ Միսկարյանի ծննդյան տարեդարձն է…
-Այո, Արամը կդառնար 42 տարեկան... Շատ «թեթև» էր նշում ծննդյան տարեդարձները՝ մտերիմ մարդկանց շրջապատում:
-Ամփոփելով մեր զրույցը՝ կա՞ նրա հետ կապված որևէ դեպք, որը առավել է տպավորվել Ձեզ մոտ և կցանկանաք վերհիշել:
-Նրա հետ անցկացրած ամեն մի օրն էլ տպավորիչ էր ու վերհիշելու արժանի: Իհարկե, շատ բաներ կարող եմ պատմել, բայց հիմա միայն մեկ բան կհիշեմ. նա զգում էր իր մահը և գիտեր, որ շուտով հեռանալու է այս կյանքից: Արամը շատ լավ տիրապետում էր թայլանդական մեդիտացիային ու տեսնում էր իր ապագան: Վերջին ամիսներին շատ էր խոսում այդ մասին: Ճիշտ է, ես չէի հավատում, ջղայնանում էի, բայց նա օր-օրի ավելի շատ էր զգում ու խոսում այդ մասին…