30/11/2015 17:13
ՀՀ քաղաքացիները հրաժարվում են եգիպտոսյան հանգստից. Այլընտրանք է Վրաստանը, ԱՄԷ-ն, Մալթան
Հոկտեմբերի 31-ին Սինայում ռուսական A321 ինքնաթիռի կործանումից հետո ՀՀ քաղաքացիները գրեթե լիովին հրաժարվել են Եգիպտոսում հանգստանալու տարբերակից:
Aysor.am-ը զրուցել է մի քանի տուրօպերատորների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է կատարվում տուրիստական շուկայում ու կա՞ արդյոք Եգիպտոսին համարժեք այլընտրանքային տարբերակ սպառողի համար:
«Գրին վեյ Թրեվլ» ընկերության արտագնա մենեջերի խոսքով՝ եգիպտոսյան փաթեթների պահանջարկը վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ նվազել է, ինչի հետևանքով նվազել է նաև ընդհանուր փաթեթի գինը:
Եգիպտոսյան հանգստով հետաքրքրվողները գնից ու պայմաններից բացի՝ տուրօպերատորից փորձում են ճշտել այդ երկրում անվտանգության ապահովման հետ կապված հարցերը:
«Ինչ վերաբերում է այլընտրանքին: Եգիպտոս մեկնողները հիմնականում այնտեղ են գնում լողալու համար, այսինքն սա պետք է նկատի ունենալ այլընտրանք առաջարկելիս: Կարող եմ ասել, որ Եգիպտոսը կարելի է փոխարինել օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններով՝ հաշվի առնելով, սակայն, որ այստեղ հանգիստը համեմատաբար ավելի թանկ է»,- ասաց ընկերության արտագնա մենեջերը:
Երևանյան մեկ այլ տուրիստական ընկերությունից, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկեցին հանգիստը Վրաստանում: Ճիշտ է՝ այստեղ ծով չկա, սակայն գնային առումով այս երկու տարբերակները գրեթե համարժեք են:
«Վրաստանում առաջարկում ենք Թբիլիսին, Ռաբաթը, իսկ եթե պարտադիր ծովային հանգիստ են նախընտրում, ապա կարելի է առաջարկել Դուբայն ու Մալթան, սակայն դրանք Եգիպտոսից բավականին թանկ են»,- ասացին տուրիստական գործակալությունից:
«Joy tour» տուրիստական գործակալությունից էլ նշեցին՝ ինքնաթիռի կործանումից հետո դեռ ոչ մի զանգ չեն ստացել Եգիպտոսի փաթեթների վերաբերյալ:
«Սա այն դեպքում, որ նախկինում օրական 5-7 զանգ էինք ստանում Եգիպտոսի վերաբերյալ հարցումներով: Ընդ որում նախապես գնված բոլոր փաթեթներն էլ մեզ վերադարձրել են»,- Aysor.am-ին ասաց ընկերության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ Եգիպտոսում հանգստի գները կտրուկ են նվազել:
«Որպես օրինակ կարող եմ ասել ամանորյա կամ այս ամիս առաջարկվող տուրերը: Երկու անձի համար 7-օրյա փաթեթը, որն ամեն բան ներառում է՝ ավիափոխադրում, ապահովագրություն և այլն, արժե ընդամենը 487 ԱՄՆ դոլար»,- ասաց Լիլիթ Ալեքսանյանը: