30/11/2015 20:02
Պատրաստվում եմ մեկնել շատ հետաքրքիր, բայց վտանգավոր մի երկիր. Վարդան Սարգսյանը՝ «Տնից հեռու»
Արդեն մեկ ամիս է՝ ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվում է երգիչ Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդաշարը, որի միջոցով հեռուստադիտողը շաբաթը մեկ անգամ ծանոթանում է տարբեր երկրների պատմությանն ու տեսարժան վայրերին, մշակույթին: «Մարդիկ հետաքրքրությամբ են նայում այս հաղորդումը: Կարծում եմ՝ այն տարբերվում է բոլոր տեսակի ճամփորդական ծրագրերից: Բացի հետաքրքրաշարժ վայրերին ծանոթացնելուց, հանդիպում ենք նաև տվյալ երկրի «աստղերի» հետ: Հուսով եմ, դեռ երկար ժամանակ եթերում կլինենք և շատ հետաքրքիր վայրեր կբացահայտենք: Արդեն 4-րդ հաղորդումն է եթեր հեռարձակվել, ու շատ լավ արձագանքներ ենք ստացել»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգիչ-հաղորդավարը:
Այնուամենայնիվ, բողոքողներ ևս գտնվել են, իհարկե, ոչ թե հաղորդման որակից, այլ. «Վերջերս Հայաստանում բնակվող մի հնդիկ ուսանող բողոքեց. Նրան դուր չի եկել, որ նկարահանել ենք աղքատ ու կեղտոտ թաղամասները: Բայց ասեմ, որ այդ ենթախորշները ներկայացրել ենք, քանի որ այնտեղ նկարահանվել է «Миллионер из трущоб» ֆիլմը: Իսկապես, այնտեղ խայտառակ կեղտոտ էր»:
Այն հարցին, թե ինչո՞ւ երգիչը որոշեց անդրադառնալ այսբովանդակ հաղորդմանն ու նման ձևաչափին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Վերջին շրջանում շատ էի ճանապարհորդում ու որոշեցի այդ ամենը նկարահանել… Օրինակ, Հնդկաստան մեկնել եմ ամիսներ առաջ՝ զբոսաշրջիկի կարգավիճակով, ու այն, ինչ տեսա, ինձ շատ դուր եկավ… Հենց այդտեղից էլ միտք առաջացավ՝ նկարահանել և ցույց տալ նաև հեռուստադիտողին»:
Ամանորից հետո Վ. Սարգսյանը պատրաստվում է էքստրիմ քայլ անել՝ ուղևորվելով մեր ժամանակների համար ոչ այնքան բարենպաստ մի երկիր: «Պատրաստվում եմ մեկնել շատ հետաքրքիր, բայց վտանգավոր մի երկիր, որտեղ դեռ չեմ եղել: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի ու նաև կարողանամ նկարահանել այն ամենն, ինչ ցանկանում եմ՝ հրաշալի ու չափազանց հետաքրքիր կլինի»,-չբացելով փակագծերը՝ նշեց երգիչը:
Արդյոք նոր աշխատանքը չի խանգարում երգարվեստին, թե՞ երգիչը որոշել է այսուհետ միայն հաղորդավարի կարգավիճակում հանդես գալ՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, չի խանգարում, ես ամեն երեկո աշխատում եմ: Հաճախ համեգային ծրագրերով մեկնում եմ շրջագայությունների: Պարզապես, նոր տեսահոլովակ չեմ նկարահանել, որ որպես երգիչ ևս հայտնվեմ էկրաններին: Բայց դա շտկելի հարց է, արդեն նոր երգ ունեմ, որի երաժշտության հեղինակն է «Duetro studio»-ն, խոսքերն էլ գրել է Գրիգոր Կյոկչյանը: Հրաշալի երգ է, հուսով եմ՝ շուտով նաև տեսահոլովակ կունենա»: