01/12/2015 20:20
Այնտեղ էլ Հայաստանի նման է՝ ամեն ինչ կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում. Անդրանիկ Հարությունյանը՝ նոր ֆիլմի և ամուսնալուծության մասին
Երեկվանից համացանցում է հայտնվել Անդրանիկ Հարությունյանի և Մարիամ Ադամյանի ամուսնական լուսանկարը՝ հարսի ու փեսայի կարգավիճակում: Թեև մի պահ մարդիկ տարակուսանքիի մեջ հայտնվեցին՝ մտածելով, որ Անդոն ամուսնալուծվել ու նորից է ամուսնացել, սակայն հետագայում ամեն ինչ իր տեղն ընկավ. սա կադր էր Կարեն Բաբաջանյանի նոր՝ «Արամմա» ֆիլմից, որտեղ հերոսներից մեկին մարմնավորում է հենց Անդրանիկ Հարությունյանը: Դերասանը, սակայն, նորափեսայի կարգավիճակում չէ: «Ֆիլմում իրականում իմ կերպարը չի ամուսնանում Մարիամ Ադամյանի կերպարի հետ, պարզապես նկարահանման ընթացքում որոշեցինք այդպիսի ֆոտո անել ու համացանցում տեղադրել: Շատ հետաքրքիր է, որ բլոգերներն անմիջապես ամուսնալուծեցին ինձ ու Մերիին և ամուսնացրեցին ինձ ու Մարիամին: Բայց չեմ ամուսնալուծվել, կյանքը թանկ է, չեմ ուզում Մերիի ձեռքով «զոհվել»: Ինձ համար խաղաղ ապրում եմ (ծիծաղում է)… Հումորով եմ վերաբերում նման բարի կատակներին: Կինս էլ իմ կեսն է ու միանշանակ հասկանում է հումորը»,-Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեց Ա. Հարությունյանը:
Ֆիլմում Անդոյի կերպարի անունը Հանդո է, ով տուրիստական կազմակերպության 7-օրյա տուրի միջոցով մեկնում և ընկնում է հին մի ցեղախմբի մոտ: Ի դեպ, այստեղի մեկ օրն այնտեղ մեկ տարի է. «Երբ ֆիլմը սկսվում է, ես այդ հին ցեղի մոտ եմ լինում ու սկզբում չի նկատվում, որ իրենցից չեմ: Բայց երբ գալիս է գլխավոր դերակատարը՝ Արամման, ում մարմնավորում է Գոռ Հակոբյանը, այս երկուսը սկսում են հայերենով շփվել: Պարզվում է՝ երկուսն էլ Երևանից են եկել: 6 օր անց տպավորություն է՝ 6 տարի է անցել, իմ հերոսն էլ արդեն ամուսնացել է, երեխաներ ունի… 7-րդ օրը Հանդոն վերադառնում ու սպասում է, որ դիմավորի ծանոթ-ընկերոջը: Շատ չեմ ուզում բացել փակագծերը, բայց հետաքրքիր ֆիլմ է, հավատացեք ու եկեք նայելու դեկտեմբերի 24-ից»:
Մեր զրուցակիցը մանրամասնեց նաև, որ իր հերոսը համակերպվել է վայրի ցեղերի հետ ապրելու կյանքին, այնտեղ տարբեր բիզնեսներ է ձեռնարկել, բայց չի կարողացել դրանք պահել. «Այնտեղ էլ Հայաստանի նման մի տեղ է՝ ամեն ինչ կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքերում: Հանդոն փորձել է միշտ ինչ-որ բիզնես դնել այնտեղ, բայց ինչ-որ մեկն անընդհատ խանգարել է նրան»:
Մեր այն հարցին, թե արդյոք իրական կյանքում Անդրանիկ Հարությունյանը մտածել է երբևէ բիզնես գործունեության մասին, թե այսօրվա պահանջված դերասանների շարքին դասվելու հանգամանքն օգնում, ոչ թե սպառնում է նրա գրպանին՝ ժպտալով պատասխանեց. «Ոչ, ես իմ մասնագիտությունն այնքան շատ եմ սիրում, որ չեմ ուզում բիզնես դնել: Բայց որ այսպես շարունակվի ու մի օր գործերս սկսի վատ գնալ, քիչ փող աշխատեմ, անպայման այդ ուղղությամբ կմտածեմ: Ուղղակի հուսով եմ, որ այդ ժամանակ իմ անձը չեն անտեսի ու տեսնելով, թե ով է բիզնես դրել՝ հարկայինից չեն նեղացնի: Բայց երբ այնքան շատ փող ունենամ, որ չիմանամ որտեղ ծախսել, կգնամ Վեգաս… Չմտածեք, թե «խաղացող» եմ, ուղղակի շատ հաճելի ու հետաքրքիր է այնտեղ»:
Վերադառնալով ֆիլմին՝ նշենք, որ Անդոյից, Գոռից և Մարիամից զատ նկարահանվել են նաև Աննա Մանուչարյանը, Ժաննա Բուտուլյանը, Կարեն Մովսիսյանը… Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ լեզվով են շփվելու միմյանց հետ ֆիլմի ընթացքում դերասանները և արդյոք այն հասկանալի կլինի հանդիսատեսին, դերասանը պատասխանեց. «Մեր լեզուն շատ նման է հայերենին: Օրինակ, բարի գիշերի փոխարեն ասում ենք «բարի գիշա»: Եթե Շամանից պետք է խոսելու թույլտվություն խնդրեմ, ասում եմ. «Հանդո կառա՞ հոսա»… Իհարկե, հասկանալի կլինի ու շատ «խնդալու» լեզու է: Ասեմ, որ դերասանական պահով մի շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում, որի ականատեսը ես եղա երեկ»…
Թե ինչո՞վ կառանձնանա կատակերգական ֆիլմերի այս հարուստ շուկայում «Արամման», մեր զրուցակիցը վստահեցրեց. «Նախ, սա ասելիք ունեցող, հասցեատեր ունեցող ֆիլմ է: Նաև, մեկանգամյա ֆիլմ չէ, ցանկություն է առաջանալու նայել երկրորդ, երրորդ անգամ, քանի որ ամեն նայելուց մի նոր հարց է ծագելու»:
Ի դեպ, ինչպես ժամանակին Հայկոն ու Մկոն, այնպես էլ այսօր Անդոն ու Ռաֆոն անբաժանելի են ու զարմանալի է, որ այս անգամ ընկեր-գործընկերները միասին չեն հանդես գալիս: «Մեր մեջ բացարձակ կոնֆլիկտ չկա, ուղղակի այժմ երկուսս էլ զբաղված ենք տարբեր նախագծերում: Բայց թատրոնում միասին ենք աշխատում: Վստահ եմ` շուտով կլինի մի նոր բան, որտեղ միասին հանդես կգանք… Բայց դե գիտեք, մենք այն ժամանակ էլ իրար հետ չէինք, ես Մերիի հետ էի, Ռաֆոն՝ առանձին»,-մեր զրույցը հումորով եզրափակեց Անդրանիկ Հարությունյանը: