01/12/2015 20:35
«Այ-այ», շատ ուրախ և մանկական կատարում է. Մերի Քոչարյանը՝ նոր երգի և տեղի ունեցած համերգի մասին
Նոյեմբերի 29-ին «Retro music club»-ում տեղի ունեցավ մանկական «Նոր Ալիք» միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից փոքրիկ Մերի Քոչարյանի և նույն մրցույթի մեծերի ներկայացուցիչ Գրիգոր Կյոկչյանի համերգը: Համերգի ընթացքում հնչեցին 2 սերունդների կատարողների հին ու սիրված երգերը, ինչպես նաև մի շարք միջազգային հիթերի «քովեր» տարբերակները: «Ես և Գրիգորը հանդես եկանք նաև երկու զուգերգով, որոնցից մեկը հայկական սիրված «Երանի թե» երգն էր, իսկ մյուսը նոր ալիք մրցույթի ժամանակ Գրիգորի՝ «ԱՅՈՎԱ» խմբի հետ կատարած «Две звезды» երգը»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փոքրիկ երգչուհին:
Թե արդյոք համերգային ծրագիրը ակումբային բեմից համերգային դահլիճ տեղափոխվելու նպատակ չունի՞ հարցին ի պատասխան մեր զրուցակիցը խոստովանեց, որ նման ցանկություն կա, սակայն ժամանակի սղությունը թույլ չի տալիս դեռևս իրագործել ցանկությունները: «Հավանաբար, Նոր տարուց հետո կմտածենք այդ ուղղությամբ: Այժմ Հանրային հեռուստաընկերութամբ մի շատ հետաքրքիր ուսուցողական, ճանաչողական հաղորդման շրջանակներում որպես հաղորդավարուհի եմ հանդես գալիս, Նոր տարվա հետ կապված շատ նախագծեր կան… Փակագծերը չեմ ուզում բացել, ականատեսը կլինեք Ամանորի գիշերը՝ Հանրայինի եթերում»,-նշեց նա:
Ի դեպ, նոյեմբերի 23-ի համերգի ընթացքում Մ. Քոչարյանը հանդես եկավ նաև պրեմիերայով. «Երգը կոչվում է «Այ-այ», շատ ուրախ և մանկական կատարում է: Բառերի հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը, երաժշտությունը գրել է Մարտին Միրզոյանը»:
Ինչ վերաբերում է նոր տեսահոլովակին, փոքրիկ երգչուհին ժպիտով ավելացրեց. «Տեսահոլովակ կլինի, եթե ունենանք հովանավոր»: