02/12/2015 16:19
Րաֆֆի Հովհաննիսյանի արարքը ոչ կոռեկտ ու անտակտ քայլ էր. Շարմազանով
Ես չեմ ուզում իջնել Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի արարքին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում էր ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղիկներ դնել, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց:
Է. Շարմազանովն այդ փորձը անպատասխանատու և անլուրջ քայլ որակեց:
Հարցին, թե ինչ վատ բան է տեսնում դրանում, Է. Շարմազանովը պատասխանեց. «Մենք քրիստոնյա ազգ ենք, և բոլորը գիտեն, որ մեզ մոտ ընդունված է ծաղիկներ դնել հանգուցյալների հիշատակին։ Այդ պատճառով նրանց փորձը ոչ կոռեկտ է, անլուրջ, անտակտ։ Չեմ ուզում իջնել Րաֆիի Հովհաննիսյանի մակարդակին բայց կասեմ. Վերցրո՛ւ այդ ծաղիկները և դի՛ր դրանք սեփական կուսակցության դռների մոտ։ Կարծում եմ, որ հասարակությունը պատասխան կտա նման գործիչների անպատասխանատու պահվածքին»,- ասաց նա: