02/12/2015 16:46
Քոչարին՝ ոչ նյութական մշակութային ժառանգության. Հայկական հայտը քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Նոյեմբերի 30-ից Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում իր աշխատանքն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում:
Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը: