02/12/2015 15:40
Բեն Փուլը Երևանում է. Բլյուզը հոգու երաժշտություն է
Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, Մեցցո երաժշտական ակումբում, իսկ դեկտեմբերի 4-ին՝ KAMI երաժշտական ակումբում կկայանա բրիտանացի բլյուզ երաժիշտ Բեն Փուլի համերգները, որոնք նախաձեռնել է «Եվրոպական բլյուզ կրուիզ»-ի կազմակերպության՝ Voyages Byblos ճամփորդային ընկերությունը:
Նշենք, որ համերգն իրականացվում է նաև Բլյուզի հայկական ասոցիացիայի աջակցությամբ:
«Փուլը երիտասարդ և խոստումնալից երիտասարդ է, որի խիտ ճամփորդությունների ժամանակացույցում տեղ գտանք երկու համերգ ներկայացնել նաև Երևանում»,- այս կապակցությամբ հրավիրված մամլո ասուլիսում ասաց ասոցիացիայի նախագահ Վահան Դանիելյանը՝ ընդգծելով նաև, որ նպատակն է Հայաստանը ներգրավվել բլյուզի երաժշտական քարտեզում:
Նշենք, որ Բեն Փուլը, ով նաև առաջին անգամն է լինում Երևանում, համերգներով հանդես է եկել Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Երիտասարդը հիմնականում նվագում է հայտնի երաժիշտների ստեղծագործություններ, բայց սիրում է նվագել իր ստեղծագործությունները:
«Անգամ եթե cover-ներ եմ նվագում, փորձում եմ դրանք յուրովի ներկայացնել: Կատարել այնպես, ինչպես դա անում են դրանց հեղինակ-երաժիշտները, իմաստը չեմ տեսնում: Բլյուզ երաժշտությունը դժվար է դասակարգելը, բայց դա երաժշտական այն ոճն է, որը ծնվում է հոգու խորքից և գալիս է մարդու ներսից: Այն արկղի մեջ դնել և փակելը դժվար կլինի: Բլյուզը շատ երկրային, շատ օրգանական, շատ մարդամոտ երաժշտություն է»,- իր հերթին ասաց Բեն Փուլը:
Նրան հաճախ համեմատում են ամերիկացի հայտնի բլյուզ-ռոք կիթառահար Ջո Բոնամասի հետ, ինչը Բենը մեծ հպարտությամբ է ընդունում:
«Հաճախ եմ առիթ ունեցել նվագելու հայտնի երաժիշտների հետ, բայց մասնագիտական ամենակարևոր խորհուրդը ստացել եմ Գարի Մուրից: Ես չեմ սիրում կրկնվել, նվագում եմ հանգիստ, մեզմ և թույլ եմ տալիս, որպեսզի կիթառս շնչի»,- ասաց նա:
Հայաստանում հայ հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ անակնկալներ: Կազմակերպիչները չեն ցանկանում բացել փակագծերը, բայց խոստանում են յուրահատուկ համերգ: Կլինեն դուետներ, նոր ստեղծագործություններ և այլ անակնկալներ: