03/12/2015 10:10
Դեկտեմբերի 6-ին ժամը 17:00-ից սկսած՝ մեր քաղաքի սրտի զարկերակը կարագանա
Վերջին շրջանում Հայաստանը հաճախ է հյուրընկալում միջազգային, հատկապես ռուսական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչների: Հերթական նմանատիպ հանդիպումը Jet Set ընկերության միջոցով կկայանա դեկտեմբերի 6-ին. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում առաջին անգամ ելույթ կունենան ռուսական հիփ-հոփի հայտնի կատարողներ Տիմատին և L'One-ն` «Black Star inc» խմբով: Իհարկե, այս ամենից անմասն չեն մնա հայ` այսօր ամենապահանջված դիջեյներից երկուսը՝ DJ Smoke-ն և DJ Serjo-ն:
«Նույն բեմի վրա աշխատել մի արտիստի հետ, ում գրեթե ամբողջ աշխարհն է ճանաչում՝ հազարապատկում է պատասխանատվությունդ: Դառնում ես առավելագույն զգույշ ու ցուցադրում լավագույն որակներդ: Այն, ինչ կատարվելու է այդ օրը, նախադեպ չունի: Ցնցող, շլացնող ու զարմացնող երեկո է լինելու: Սա այն քիչ դեպքերից է, երբ արտիստը Երևան է գալիս այն ժամանակ, երբ իր ստեղծագործական «պիկում», բարձունքում է, այլ ոչ թե ծերանում է, որպես արտիստ՝ մարում, տարիքն առած գալիս, որ իրեն էլ «թանկանոց սկորիով» դիմավորենք, քիչ փող տանք ու չլսենք այն, ինչ կարող էինք լսել իր երիտասարդության տարիներին»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց DJ Smoke-ն:
Համերգն, իհարկե, անակնկալներով հագեցած կլինի՝ խենթությունները բազմապատկելու և օրն առավել գրավիչ դարձնելու միտումով: «Շատ անակնկալներ են լինելու: Տիմատիի երևանյան համերգն, իսկապես, տարածաշրջանի՝ տարվա գլխավոր միջոցառումն է լինելու: Հզոր հնչողություն, շքեղ լուսա-ձայնալազերային շոու, անսպասելի ու գեղեցիկ լուծումներ. չէ՞ որ բեմի վրա է Ռուսաստանի ամենահայտնի «ոսկե ռեփերը» ՝ իր «Black star» խմբով»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:
Երգիչը համերգասրահ կժամանի համերգից երկու ժամ շուտ: «Ֆոեում» DJ Serjo-ի մասնակցությամբ լավ երաժշտություն կհնչի. «DJ Serjo-ն «warm Up» կանի, հանդիսատեսը կարող է հետևել նախապատրաստական աշխատանքներին ու թեթև շարժվել, մինչև կսկսվի «ամենաիրականը»:
Վերջին տարիներին մարդիկ այնքան էլ հետաքրքրված չեն համերգներով. շատերն ուղղակի «հավես» չունեն, շատերն էլ՝ սոցիալապես պատրաստ չեն. «Ասեմ, որ տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է: Վստահ եմ, շատերն էլ «հայավարի» են մտածում՝ «կեթանք տեղում կառնենք»: Պետք չէ մոռանալ, որ սա սովորական, հերթական համերգ չէ, այլ Տիմատին է գալու, իսկ նրան սիրում են ոչ միայն երիտասարդները, այլև ավելի տարիքով մարդիկ: Բայց սա նաև փողկապով լսելու համերգ չի, այլ խենթ ու գժոտ, երիտասարդական, ապրելու ու խենթանալու համերգ է»:
Մեր այն հարցին, թե ինչի՞ ինչի շնորհիվ է, որ այսքան շատ DJ-ների մեջ DJ Smoke-ը կարողանում է մնալ ամենապահանջվածը՝ հայտնվելով ոչ միայն Հայաստանի, այլև դրսից եկող գրեթե բոլոր աստղերի կողքին՝ վերջինս ժպիտով պատասխանեց. «Այդպես ստացվում է, հավանաբար իմ աշխատանքով եմ ապացուցում, որ անհրաժեշտ եմ… Երբ Հայաստան եկավ Քանյե Ուեսթը՝ համաձայնեցի, որովհետև վստահ էի, որ կարող եմ իմ ուսերին տանել այդ «բեռը»: Իրենք էլ ինձ վստահեցին ու չսխալվեցին: Իսկ հայ աստղերի կողմից շատ հաճախ եմ հրավիրվում համերգների ու բազմաթիվ միջոցառումների, քանի որ նրանք նախ և առաջ իմ ընկերներն են, և հետո՝ երաժշտությունից հասկացող մարդիկ»:
Դրսում DJ-ի աշխատանքը թանկ վարձատրվողներից է, Հայաստանում ամեն-ինչ մի փոքր այլ է. «Նման համերգներ մեզ մոտ քիչ են լինում, կցանկանայինք, որ հաճախ կազմակերպվեին, ինչի արդյունքում շուկան կընդլայնվեր: Ինչ վերաբերում է հոնորարներին, ապա այսպիսի դեպքերում ես այն երկրորդական եմ համարում, կարևորը՝ նման արտիստների հետ նույն բեմում աշխատելն ու հաճույք ստանալն է: Չնայած, հոնորարի մեջ հաստատ զրոների քանակը քիչ չի»:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 17:00-ից սկսած՝ մեր քաղաքի սրտի զարկերակը կարագանա: