04/12/2015 13:16
Ազատության հրապարակը թատերական է և պետք է ծառայի մշակույթին. Հասմիկ Պողոսյանը՝ վրաններ տեղադրելու մասին
Ազատության հրապարակում վրանների տեղադրումը վնասում է հուշարձանները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից սկսած «Նոր Հայաստան» փրկության ճակատն Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում, իսկ երեկվանից, եղանակային պայմաններից ելնելով, ցուցարարները ցանկանում են Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս:
«Մեր ծառայություններից կարող եք վերցնել տվյալներ, թե տարիների ընթացքում յուրաքանչյուր հանրահավաքից հետո ինչ վիճակում են հայտնվում հուշարձանները, Օպերայի շենքի պատերը... Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ դա թատերական հրապարակ է և պետք է ծառայի մշակույթին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս ընթացքում 3-4 անգամ վերանորոգվել են Ազատության հրապարակում տեղադրված հուշարձանների պատվանդանները, որոնք «գտնվել են սարսափելի վիճակում»: