08/12/2015 20:30
Որոշակի լարվածություն կա, բայց ես առանց փաստերի, ապացույցների ոչինչ չեմ կարող ասել. Պարզաբանում է Նարեկ Մակարյանը
Երգիչ, վերջին շրջանում նաև դերասանի կարգավիճակում հանդես եկող Նարեկ Մակարյանն այսօր առավոտյան իր ավտոմեքենան հայտնաբերել է վնասված ու թալանված վիճակում: Այդ մասին տուժողը տեղեկացրել է իր Facebook-յան էջի միջոցով: Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ե՞րբ ու ի՞նչ պայմաններում է բացահայտել իրականացված հանցագործությունը:
«Երեկ` երեկոյան ժամը 23:00-ի կողմերը գործնական հանդիպման գնացի իմ նախկին պրոդյուսեր Սոֆյա Գուլյանի հետ: Պարզաբանելու մի քանի ֆինանսական խնդիրներ ունեինք, որոնք արդեն բավական ժամանակ է՝ ծավալվում են: Իհարկե, հաճելի զրույց չէր: Բայց ավտոմեքենայով չեմ գնացել, քանի որ մինչ այդ ATV հեռուստաընկերությունում ամանորյա նկարահանումների էի մասնակցում ու մի փոքր գինովցած էի, չցանկացա այդպես ղեկին նստել: Տուն եմ վերադարձել գիշերը ժամը 2-3:00-ի հատվածում: Առավոտյան ժամը 8-8:30 մայրս արթնացրեց, ասաց, որ ավտոմեքենայիս պատուհանը բաց եմ թողել, ուշադիր լինեմ: Դա ինձ համար զարմանալի էր… Երբ իջա ներքև՝ պատուհանը փակելու, հասկացա, որ ոչ թե բաց է, այլ ապակին է կոտրված, ապակու կտորներն ամենուր էին՝ ներսում ու դրսում»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը:
Ստուգելով ավտոմեքենայում գտնվող անձնական իրերի պարունակությունը՝ նա հայտնաբերել է, որ բացակայում է ԱՄՆ-ից բերված 300 դոլար արժողությամբ դրամապանակը՝ մոտ 200 դոլարի չափ գումարով ու անձնական փաստաթղթերով: «Վարորդական իրավունքս էին տարել, մոտ 40 հազար դրամ կար դրամապանակումս, մի այդքան էլ ունեի ավտոմեքենայի գրպանչիկում: Տարել էին նաև պայուսակս, որը 7-800 դոլարանոց «Դոլչե Գաբանա» ֆիրմայի պայուսակ էր: Բայց ինձ համար ամենացավալին այն էր, որ տարել էին իմ նոր երգերի «մինուսներով» կրիչները: Այդ երգերը պատրաստվում էի թողարկել Նոր տարուց հետո»,-հավելեց նա:
Երգչի համար հանելուկային է մնում այն, որ «գողերին» այդչափ հետաքրքրել են իր երաժշտական «մատերիալները». «Եթե իրենց հետաքրքրում էր փաստաթղթերս՝ անձնագիրն էլ կարելի էին վերցնել չէ՞: Վերջերս իմ մեքենան երկու ամիս այդ նույն տեղում կանգնած է եղել, քանի որ վթարի էի ենթարկվել: Բայց այդ երկու ամսվա մեջ ոչ մեկի մտքով չէր անցել մոտենալ դրան: Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց երեկ և ինչո՞ւ հենց նոր երգերի «մինուսներով» կրիչները»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Ն. Մակարյանը այս ամենից մեջ տեսնում է նախկին պրոդյուսերի «մատը»՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չունեմ ոչ մի հիմք՝նրան կասկածելու կամ մեղադրելու: Այո, որոշակի լարվածություն մեր մեջ կա, բայց ես առանց փաստերի, ապացույցների ոչինչ չեմ կարող ասել: Բայց չկասկածել ևս չեմ կարող»…
Նա, իհարկե, խոսել է նաև նախկին պրոդյուսերի հետ, ում արձագանքը ևս տարօրինակ է թվացել: «Ես իր հետ խոսեցի, բայց նույնիսկ չհասրեցի որևէ բան ասել, միայն հասցրեցի հայտնել, որ ինձ կողոպտել են: Բայց նա այնպիսի բարձր տոնով սկսեց խոսել, որ էլ չշարունակեցի: Ամեն դեպքում, ես ոչ-ոքի չեմ մեղադրում, միայն դեպքերն եմ փաստում: Մնացածով թող զբաղվի ոստիկանությունը, մեղավորներն անպայման կպատժվեն»,-վստահությամբ շեշտեց Նարեկ Մակարյանը:
Դերասան-երգիչը ոստիկանությանը դեպքի մասին տեղեկացրել է անմիջապես՝ հույսով ու հավատով սպասելով բացահայտմանը: