11/12/2015 18:21
Հեռանալու որոշումը ամիսներ առաջ ուրվագծվեց, բայց ավելի հստակեցվեց օրեր առաջ. Ի՞նչու է Լուլուն հեռացել «Կենտրոն» TV-ից
Դեկտեմբերի սկզբին մեկնած պարտադրված արձակուրդի ավարտից հետո Լուսինե Բադալյանը և Ժակն այլևս «Կենտրոն» TV չեն վերադառնա, այնինչ, հեռուստաընկերությունը դեկտեմբերի 14-ից սկսում է իր նոր եթերաշրջանը՝ նոր ղեկավար կազմով:
Հաղորդավարները շուրջ 5 տարի հեռուստադիտողին ողջունել են «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի շրջանակներում: «Իսկապես, մենք 5 հրաշալի տարի անսահման նվիրումով աշխատել ենք «Կենտրոն» հեռուստաալիքում, որտեղ որևէ լուրջ խնդիր չենք ունեցել՝ բացի աշխատանքային քննարկումներից: Եվ դա միայն նրա արդյունքում, որ հրաշալի մարդիկ են աշխատում այդ ալիքում, էնտուզիաստներ, ովքեր իսկապես նվիրված էին իրենց գործին: Ոչ այնքան հեշտ պայմաններում՝ միշտ գտնում էին լուծումներ և ուրախանալու առիթներ: Հեռանալու որոշումը ամիսներ առաջ սկսեց ուրվագծվել, բայց ավելի հստակեցվեց օրեր առաջ»,-Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հողարդավարուհին:
Այն հարցին, թե ո՞րն էր նորացված հեռուստաալիքում չընդգրկվելու հիմնական պատճառը, և արդյոք հեռուստաընկերության նոր ղեկավարների հետ տարաձայնություններ ծագեցին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բաժանվել ենք տարաձայնությունների՝ մոտեցումների, ճաշակի ու աշխատելաոճի կտրուկ տարբերությունների պատճառով: Մեզ համար բացարձակապես գրավիչ չի նոր ֆորմատը: Իհարկե, ինքներս էլ երկար ժամանակ ակնկալում էինք ֆորմատի փոփոխության, բայց սա այն փոփոխությունը չէր, որին սպասում էինք: Չնայած՝ ո՞վ գիտի, գուցեև լավ ստացվի: Համենայնդեպս, հաջողություններ ենք մաղթում»:
Շատերը, հնարավոր է, քաղաքականացնեն հաղորդավարների՝ Կենտրոն TV-ից հեռանալու որոշումը, քանի որ ժամանակին այն պատկանում էր ընդդիմության ներկայացուցչի: «Որքանով տեղյակ եմ, հեռուստաընկերությունը դեռ նույն սեփականատերն ունի… Բայց քաղաքականացնելու կարիք չկա, քանզի մեզ համար երբեք կարևոր չի եղել, թե ում են պատկանել այն հեռուստաալիքները, որտեղ մենք աշխատել ենք վերջին 18 տարվա ընթացքում: Բնականաբար, հիմա էլ դա կարևոր չի, քանի որ մենք եթերի մարդիկ ենք, մեզ անհանգստացնում է միայն մեր և հեռուստադիտողի կապը՝ եթերի միջոցով, և մեր ծրագրերը երբեք չենք կապել քաղաքականության հետ: Եթե արտահայտվելու կարիք է եղել, ապա օգտագործել ենք սոցիալական կայքերը: Եթերը մեզ համար շատ ավելին է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել: Մենք այն միշտ օգտագործել ենք մեր հեռուստադիտողին թեթև, բարձր տրամադրություն, որակյալ երաժշտություն, օգտակար կամ կարևոր տեղեկություններ հաղորդելու համար»,-նշեց մեր զրուցակիցը:
Արդյոք այսուհետ Լուսինե Բադալյանը կնվիրվի միայն ռադիոունկնդիրներին, թե՞ դեռ իր առաքելությունն ավարտած չի համարում հեռուստաաշխարհում՝ հարցին վերջինս պատասխանեց. «Իհարկե, ռադիոն իմ տարերքն է, ինձ համար այն անփոխարինելի հաճույք է, բայց ես հեռուստաեթերում եմ 17 տարեկանից և իմ կյանքն առանց դրա չեմ պատկերացնում: Իսկ վերջերս աշխարհի ամենահայտնի ու լավագույն հեռուստաալիքներում վերապատրաստվելու և մասնագիտանալու արդյունքները, կարծում եմ, կիրառման անհրաժեշտություն ունեն, որոնք այսօր կիրառել «Կենտրոն» հեռուստաալիքում՝ հարմար չգտա»: