11/12/2015 10:12
Այս անգամ՝ գեղագիտական տեսքով, արվեստի լեզվով ու համազգային ուխտով. Խաչիկ Եղոյանի «100 դուռ» աննախադեպ ցուցահանդեսը՝ դեկտեմբերի 29-ին
Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ռեժիսոր Խաչիկ Եղոյանի «100 դուռ» նախագծի շրջանակներում արված ֆոտոշարքը դեկտեմբերի 29-ին արդեն իսկ ցուցահանդեսով կներկայանա: Aysor.am-ը նախագծի հեղինակից հետաքրքրվեց, թե բացի թեմատիկայից՝ ինչո՞վ կառանձնանա այս ցուցահանդեսը: «Նախ, այս նախագծի բուն նպատակն այն է, որ ևս մեկ անգամ մեր ձայնը բարձրացնենք: Սակայն, այս անգամ՝ գեղագիտական տեսքով, արվեստի լեզվով ու համազգային ուխտով: Անհամեստ թող չթվա, բայց այս ցուցահանդեսն արդեն իսկ առանձնանում է իր ձևաչափով. այն եզակի է իր ձևի մեջ ու միակը աշխարհում… Շատ եկեղեցիների դռներ ենք նկարել, սակայն, որպես խորհրդանիշ, կցուցադրվեն 100 եկեղեցիների դռներ: Այցելուներն ականատես կլինեն նաև լրացուցիչ մեկ դռան հետաքրքիր ու անակնկալ ցուցադրությանը»,-նշեց մեր զրուցակիցը:
Երևանում եկեղեցական 100 դռները կցուցադրվեն միայն մեկ օր: Մեր այն հարցին, թե արդյոք չկա նպատակ այն հասու դարձնել մարզերի, նաև՝ Արևմտյան Հայաստանի բնակչությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քանի որ 2015 թվականը համարվում է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելից, ապա ցուցահանդեսը կսկսենք մայրաքաղաք Երևանից՝ միայն մեկ օր: Սակայն մենք մեր հիմնական նպատակի մասին չենք մոռացել ու չենք դրժում մեր խոստումները: Ամեն ինչ անելու ենք, որ ցուցահանդեսն իրականանա մի շարք վայրերում: Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանում այն կազմակերպելուն, ապա այո, մտածում ենք այդ ուղղությամբ, նույնիսկ քայլեր ենք ձեռնարկում: Սակայն միայն Աստծուն է հայտնի՝ կստացվի, թե ոչ: Ժամանակը ցույց կտա»:
Յուրաքանչյուրն իր աշխատանքներում առանձնացնում է որևէ մեկը, որն ավելի հոգեհարազատ է իրեն: Ֆոտոնկարահանումների ընթացքում ո՞ր եկեղեցու դռներն են առավել ոգեշնչել կամ գրավել ռեժիսորին: «Իհարկե, և՛ իմ, և՛ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի մոտ ընտրելու պահանջ առաջացավ, յուրաքանչյուրս գտավ «իր» եկեղեցու դուռը: Բայց պետք է խոստովանեմ, որ բոլորն էլ շատ լավն են, քանի որ մենք հավատքով ենք այս գործին ձեռնամուխ եղել, ամեն մի դռան առջև, մինչև լուսանկարելը, աղոթք ենք արել: Չէ՞ որ այդ բոլոր աղոթքներն ի փառս Աստծո են, ի բարօրություն մեր ժողովրդի: Հետևաբար, սրբանում է մեզ համար ամեն մի շեմ»,-անկեղծացավ Խ. Եղոյանը:
Հավանաբար ,շատերը կցանկանան ձեռք բերել այս լուսանկարներից: Սակայն ռեժիսորը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի-վաճառքի նպատակ իրենք չունեն: «Սա մեր անցած ճանապարհն է, մեր՝ ի սրտե կատարած ձոնը ցեղասպանությունից զոհված անմեղ մարդկանց հիշատակին, ու այն կոմերցոն բնույթ կրել չի կարող: Եվ հետո, մենք այդ «100 դռներով» դեռ պետք է շրջագայենք 2016 թվականին: Ովքեր կցանկանան այդ նկարներից ունենալ, ապա մեծ սիրով իրենց անշահախնդիր ուղղություն ցույց կտանք»,-հավատացրեց նա:
Թե ո՞րը կլինի այս ցուցահանդեսին հաջորդած քայլը «100 դուռ» նախագծի շրջանակներում հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Բնականաբար, ամեն մի քայլ մի նոր որոշում է ծնելու: Ուզենք, թե ոչ, պետք է առաջ գնանք: Հետադարձի ճանապարհ չունենք, տեղում «դոփելն» էլ լճացում է: Արդեն իսկ պլանավորել ենք երկու ցուցահանդես՝ Գյումրիում և Արցախում: Նաև, ես և Ռուբենը միասին կկազմենք «100 դուռ» մեծ ու յուրօրինակ գիրքը: Բայց դե՝ Առաջ Աստված»:
Ի դեպ, ի սկզբանե տեղեկացել էինք, որ «100 դուռ» նախագիծը մեծամասամբ իրականացվում է Խաչիկ Եղոյանի ֆինանսական միջոցներով: Հետաքրքրվեցինք, թե արդյոք նախագիծը պետական աջակցություն ստացել է և կա՞ ակնկալիք՝ վերադարձնել սեփական գրպանից ծախսված գումարները: «Ինչի՞ մասին է խոսքը, որևէ բարի գործ անպատիժ չի մնում»,-ժպիտով ու հակիրճ իր խոսքն ավարտեց ռեժիսորը: